Բաժիններ՝

Հարավային Կորեան «կարմիր գիծ» է սահմանել ԿԺԴՀ-ի համար

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը պատմել է, թե որն է այն գիծը, որից անդին Սեուլի և Փենյանի հարաբերությունները արմատապես կփոխվեն: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

«Ես կարող եմ ենթադրել, որ ԿԺԴՀ-ն կհատի «կարմիր գիծը», եթե վերստին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արձակի և դրանց վրա տեղակայի միջուկային մարտագլխիկներ»,- պարզաբանել է Հարավային Կորեայի ղեկավարը իր կառավարման առաջին հարյուր օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

Մինչ այդ Մունը քանիցս հորդորում էր Փենյանին՝ չանցնել «կարմիր գիծը», բայց չէր պարզաբանում, թե հատկապես ինչը նկատի ունի: Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է հատուկ պատվիրակ ուղարկել ԿԺԴՀ, եթե նա դադարեցնի սադրանքները: Մուն Չժե Ինը պատրաստ է ընդառաջել Հյուսիսային Կորեայի իշխանություններին, եթե նրանք դադարեցնեն ռազմական փորձարկումները:

Ավելի վաղ Կորեայի Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Կորեական թերակղզում որևիցե ռազմակական գործողություն չի կարող տեղի ունենալ առանց Սեուլի համաձայնության: Նրա համոզմամբ՝ ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային խնդիրն ամեն պարագայում անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով: «Այլևս ոչ մի պատերազմ չպետք է լինի Կորեական թերակղզում: Հյուսիսկորեական միջուկային հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, անկախ այն բանից՝ ինչ անկումների ու վերելքների ենք մենք բախվում»,- ասել է նա:

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գլխավոր քաղաքական ստրատեգ Սթիվեն Բենոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի կողմից սպառնալիքների հետ կապված հիմնախնդրի լուծման ռազմական լուծում գոյություն չունի: «Ոչ մի ռազմական լուծում չկա, մոռացեք այդ մասին: Քանի դեռ որևէ մեկը չի լուծել հավասարման մի մասը և ցույց չի տվել, թե ինչպես անել, որ Սեուլում տասը միլիոն մարդ չզոհվի սովորական զենքի կիրառման առաջին 30 րոպեի ընթացքում: Այստեղ ռազմական ոչ մի լուծում չկա»,- ասել է նա:

Պեկինում ամերիկյան կողմին հայտարարել են, որ Կորեական թերակղզու իրադրությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ մասին ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի հետ օգոստոսի 17-ին կայացած բանակցություններում հայտարարել է ՉԺՀ-ի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ Ֆան Չանլունը:

«Չինական կողմն այն հաստատ դիրքորոշումն ունի, որ երկխոսությունը և բանակցությունները Կորեական թերակղզու խնդիրների լուծման միակ արդյունավետ ճանապարհն են»,- ընդգծել է Չինաստանի զինվորական հրամանատարության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը պետք է զսպվածություն դրսևորի, խուսափելով այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության սաստկացման: «Մենք հուսով ենք, որ Միացյալ Նահանգները կգործի նույն այն ոգով, ինչ և Չինաստանը՝ համատեղ ջանքեր ներդնելով հյուսիսկորեական հրթիռամիջուկային խնդրի կարգավորման գործում»,- հավելել է Ֆան Չանլունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս