Բաժիններ՝

Բացահայտվել է սուտ մատնության ևս երկու դեպք. ոստիկաններն ու քննիչները մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված ևս երկու քրեական գործի նախաքննություն: Արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների` բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, քրեական գործերով ապացույցներ կեղծելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:

Այսպես, քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, առևանգման և հափշտակության դեպքերի վերաբերյալ ՀՀ ՔԿ-ում քննված քրեական գործով մեղադրյալ Կարեն Վարդանյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատաքննության ընթացքում հայտարարել է, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներն իր նկատմամբ բռնություն են գործադրել` պահանջելով տեղեկություններ հայտնել իր հանցակից Բ. Խ.-ի գտնվելու վայրի վերաբերյալ:

Բացի այդ, Կ. Վարդանյանը հայտնել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում որևէ տեղեկություն չի հայտնել հանցագործության հանգամանքների վերաբերյալ, մինչդեռ գործով վարույթն իրականացնող քննիչները հարցաքննությունների վերաբերյալ կազմված արձանագրություններում ներառել են իր կողմից չհայտնած տեղեկություններ: Այդպիսով Կ. Վարդանյանը ոստիկաններին և քննիչներին մեղադրել է ծանր հանցագործությունների կատարման մեջ. քնիչներին` ապացույցներ կեղծելու, իսկ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին` բռնությամբ գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց և Կ. Վարդանյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հիմնավորվել է որ վերջինս ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել պաշտոնատար անձանց կողմից չկատարված հանցագործությունների մասին, ինչի համար Կ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մյուս քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Արման Զաքարյանը ոստիկաններին և քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչին հանիրավի մեղադրել է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Ա. Զաքարյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները վիճաբանություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին և շուրջ մեկ օր ապօրինի պահել այնտեղ: Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի քննիչն իրեն ուղղորդել է ցուցմունքում ներառել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե, իբր, ինքն ականատես է եղել Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության և խուլիգանության դեպքին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով և գործով ձեռք բերված մյուս ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Զաքարյանը սուտ տեղեկություններ է հայտնել նախաքննական մարմնին, որի համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս