Իրաքցի հոգևորականը կարծում է, որ Իրաքն Աթաթուրքի նման գործչի կարիք ունի

Իրաքցի հոգևորական Իյադ Ջանալեդդին անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կերպարին: Թուրք հայտնի վերլուծաբան Ահմեթ Հաքանը «Hürriyet» թերթի իր սյունակում հիշեցրել է Ջանալեդդինի` իրաքյան հեռուստաալիքների մեկի եթերում հնչեցրած կարծիքը, թե Իրաքը մի նոր Աթաթուրքի կարիք ունի:

«Ամերիկան աջակցում է Իրաքում շիա և սյունի քաղաքական իսլամի գործիչներին: Խնդրի աղբյուրը Ամերիկան է… Իրաքը մի հրաշքի, մի փրկչի, մի Աթաթուրքի կարիք ունի: Ցանկանում եմ, որ իրաքցի մի Աթաթուրք հայտնվի և ուժի կիրառմամբ օրենքի գերակայություն հաստատի ու երկրի միասնությունն ապահովի»:

Հաքանը հոգևորականի վերոնշյալ խոսքերը մեկնաբանելիս հարցադրում է անում, արդյո՞ք Աթաթուրքի արժեքն ու կարևորությունը հասկանալու համար Թուրքիայի գլխին էլ պիտի գա այն, ինչ կատարվում է Իրաքում և Սիրիայում: Իսկ հոգևորականի ցանկությունը Հաքանը նմանեցրել է «Երանի թե գաս, իմ շիկահեր, կապուտաչյա որտե՞ղ ես, որտե՞ղ» թուրքական երգին:

Նշենք, որ այդ երգը աշուղ Մահզունի Շերեֆի երգն է՝ նվիրված Աթաթուրքի հիշատակին:

Տեսանյութեր

Լրահոս