Հնդկաստանում աճում է խոզագրիպի զոհերի թիվը
Տարեսկզբից առնվազն 220 մարդ է խոզագրիպից մահացել Հնդկաստան Հուջարաթի նահանգում: Այդ մասին հայտնել է Hindustan Times հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալները: Ավելի վաղ հաղորդվել էր 75 զոհվածների մասին:
Օգոստոսի 17-ի դրությամբ եղած տվյալների համաձայն, ընթացիկ տարում նահանգում գրանցվել են խոզագրիպով վարակվելու 2 հազարից ավելի դեպքեր, հիվանդացածներից 220-ը մահացել են: Ավելի քան 1,1 հազար մարդ ներկայում բուժում է անցնում: Ընթացիկ տարում Հնդկաստանի արեւմուտքում խոզագրիպի բռնկումն արդեն ավելի քան 600 մարդու կյանք է խլել, ինչի մասին հուլիսի կեսին հայտնել է ներքին գործերի նախարարությունը: Այսպես, Մահարաշտրայի նահանգում այն ժամանակ գրանցվել էր մահվան 284 դեպք, հարևան Թելանգանում՝ 17, Քերալա հարավարևւմտյան նահանգում՝ 63, Ռաջասթանում՝ 59 դեպք:
Փորձագետները ներկայիս բռնկումը կապում են վիրուսի մուտացիայի հետ անցյալ տարի հարաբերականորեն ցածր հիվանդացությունից (մահվան 285 և հիվանդանալու 1,7 հազար դեպք 2016 թվականին ամբողջ երկրում) հետո: Ընդ որում՝ այս տարի հիվանդացությունն առայժմ ավելի ցածր է, քան միջին հաշվով 2009 թվականից՝ Հնդկաստանում խոզագրիպի համաճարակային բռնկման առաջին տարվանից ի վեր, երբ, տարբեր տվյալներով, մահացավ 1,8 հազարից մինչև 2,7 հազար մարդ և գրանցվեց վարակման մի քանի տասնյակ հազար դեպք: Խոշոր բռնկման վերջին տարին դարձել է 2015 թվականը, երբ մահացավ գրեթե 3 հազար մարդ և գրանցվեց վարակվելու ավելի քան 40 հազար դեպք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: