
Պեկինում ամերիկյան կողմին հայտարարել են, որ Կորեական թերակղզու իրադրությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով

Կորեական թերակղզու իրադրությունը պետք է նորմալացվի բացառապես խաղաղ երկխոսության ճանապարհով: Այդ մասին ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի հետ օգոստոսի 17-ին կայացած բանակցություններում հայտարարել է ՉԺՀ-ի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ Ֆան Չանլունը:
«Չինական կողմն այն հաստատ դիրքորոշումն ունի, որ երկխոսությունը և բանակցությունները Կորեական թերակղզու խնդիրների լուծման միակ արդյունավետ ճանապարհն են»,-ընդգծել է Չինաստանի զինվորական հրամանատարության ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է երկրի պաշտպանության նախարարության կայքը:
Նրա խոսքով՝ շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը պետք է զսպվածություն դրսևորի, խուսափելով այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության սաստկացման: «Մենք հուսով ենք, որ Միացյալ Նահանգները կգործի նույն այն ոգով, ինչ և Չինաստանը՝ համատեղ ջանքեր ներդնելով հյուսիսկորեական հրթիռամիջուկային խնդրի կարգավորման գործում»,- հավելել է Ֆան Չանլունը:
Իր հերթին Դանֆորդն ամերիկյան զինված ուժերի անունից պատրաստակամություն է հայտնել ՉԺՀ-ի հետ համագործակցել միջբանակային երկկողմ փոխգործակցության բոլոր ուղղություններով: Նա հայտնել է, որ ձգտում է իրականացնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի միջև ազգային պաշտպանության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Դանֆորդը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում, որի շրջանակներում մի շարք բանակցություններ են կայացել Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ: