
Թուրքիայում տարածված Կոկսակի վիրուսի պատճառով Ռոսպոտրեբնադզոր է դիմել 1000 քաղաքացի

Գրեթե հազար մարդ է զանգահարել Ռոսպոտրեբնադզորի «թեժ գիծ», որը բացվել է Թուրքիայում բռնկած Կոկսակի վիրուսի պատճառով: Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտի հսկողության դաշնային ծառայությունը հիշեցնում է, որ շարունակվում է այն քաղաքացիներից դիմումների ընդունումը, որոնք վարակից տուժել են Թուրքիայի Հանրապետության առողջարաններում հանգստանալու ժամանակ: Օգոստոսի 16-ի դրությամբ «թեժ գծով» ստացվել է ավելի քան 900 դիմում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունում նշել են, որ դիմումների ընդհանուր թվից ավելի քան 500-ը հիվանդացածներից և նրանց ընտանիքի անդամներից են, 260-ից ավելին վերաբերում են սպառողների իրավունքների պաշտպանության և 120-ից ավելի դիմումներ՝ էնտերովիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների հարցերին: Գերատեսչության տվյալներով՝ տուժածների ավելի քան 77 տոկոսը կազմում են երեխաները: Առավել մեծ թվով հիվանդացածներ են նշվել Սիդե, Ալանիա, Քեմեր և Բելեք քաղաքների հյուրանոցներում հուլիսի երկրորդ կեսին հանգստացողների շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: