«Գրեթե կասկած չունեմ, որ այդ նամակներն ուղղակի վերաբերում են «Սասնա ծռերի» կամ Սէֆիլյանի և մյուսների գործով իմ ներգրավվածությանը». Արայիկ Պապիկյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրեց այն «հայհոյախառն» ու «սպառնալիքներով լի» նամակները, որոնք ուղարկել է իրեն Էմմա Սահակյան անունով ֆեյսբուքյան «կեղծ» օգտատերը: Նա չնշեց, թե կոնկրետ որն է եղել այդ նամակներում սպառնալիքը, քանի որ, նրա խոսքով՝ դա էլ է հայհոյանք:
«Առաջին նամակն ամբողջությամբ չեմ կարող ընթերցել, բայց ասեմ՝ «Այ…հերիք է մարդասպաններին պաշտպանես»: Իսկ վերջին նամակը նույնպես ամբողջը չեմ կարող կարդալ՝ «Հերիք ա էդ հանցագործ… տղերքին պաշտպանես», այնտեղ բառեր կան, որ ուղղակի չեմ կարող ասել»,- նշեց փաստաբանը:
Ըստ նրա՝ այդ երկու նամակներն ուղղակի վերաբերում են «Սասնա ծռերի» կամ Սէֆիլյանի և մյուսների գործով իր ներգրավվածությանը. «Որովհետև սրանք այն նույն ժամանակահատվածում են եկել, որոնց ընթացքում ես ավելի շատ ակտիվ մասնագիտական աշխատանք կատարել եմ հենց այդ գործերի շրջանակներում: Ես գրեթե կասկած չունեմ, որ խոսքը վերաբերում է հենց այդ երկու գործերին, որոնց ես ներգրավված եմ: Գտնում եմ նաև, որ հետապնդման այն տրամաբանական շղթայի մեջ ինքը լիովին տեղավորվում է, որը կա և՛ իմ նկատմամբ, և՛ իմ մի շարք գործընկերների նկատմամբ: Այդ տրամաբանական շղթայի մեջ ես տեսնում եմ և՛ անհասկանալի դատական սանկցիաները, անհասկանալի կարգապահական վարույթների նախաձեռնությունը Դատախազության կողմից, մի շարք դեպքերում՝ իմ և իմ պաշտպանյալների խորհրդապահական առանձնազրույցներից հետո իմ պաշտպանյալների մոտ թողած նյութերի խուզարկությամբ առգրավելը, մեր կողմից պատրաստված փաստաթղթերի ոչնչացումը… Այդ նույն գործերի շրջանակներում է այս ամենը կատարվել, և ես որևէ այլ քրեական գործերով երբևէ նման խոչընդոտների չեմ հանդիպել»:
Ա. Պապիկյանը գրեթե կասկած չունի, որ այս ամենը վերաբերում է զուտ նրան, որ ինքն ընդգրկված է այդ գործերով՝ որպես պաշտպան.
«Ո՛չ այս նամակները, ո՛չ որևէ կարգապահական վարույթ, որևէ այլ տիպի միջամտություն, ինձ չի կարող ստիպել, որպեսզի ձեռնպահ մնամ իմ աշխատանքը կատարելուց: Ինչպես ես, այնպես էլ՝ իմ ընտանիքի անդամները շարունակում են իրենց բնականոն կյանքը, ես շարունակելու եմ իմ աշխատանքի կատարումը նույն ջանասիրությամբ, գուցե հիմա ավելի մեծ պատասխանատվությամբ»:
Հարցին, թե՝ ո՞ւմ եք տեսնում կամ կասկածում, որ կանգնած են այդ օգտատիրոջ թիկունքում, Ա. Պապիկյանն այսպես պատասխանեց. «Անկեղծ ասած, դժվարանում եմ հարցին պատասխանել: Ես ինքս թշնամիներ չունեմ ո՛չ աշխատանքի մեջ, ո՛չ անձնական կյանքում, որևէ մեկին չեմ կարող կասկածել, բայց իմ կասկածը հետևյալն է, որ դա այդ ամբողջ հետապնդումների տրամաբանական շղթայի մասն է կազմում»:
Հիշեցնենք, որ Հելսինկյան ասոցիացիան հանդես էր եկել փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ անձնական բնույթի սպառնալիքների և հետապնդումների մասին հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում էր, թե փաստաբանը սպառնալիքներ բովանդակող էլեկտրոնային նամակներ է ստանում, որոնք առնչվում են ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքի անդամներին: Փաստաբանն այդ առնչությամբ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Ա. Պապիկյանի, ինչպես նաև նրա ընտանիքի հասցեին հնչեցված սպառնալիքների հարցով Հատուկ քննչական ծառայությունը չի կարող զբաղվել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: