Բաժիններ՝

Գյումրիում անցկացվող դասընթացները պատրաստում են ՏՏ ոլորտի մասնագետներ՝ Գյումրիում աշխատելու համար

«Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերությունն «Ինստիգեյթ Դիզայն» և «Դևելանդոո» ընկերությունների հետ համատեղ՝ ապրիլից Գյումրիում անցկացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնակիցների դասընթացներ։

Դասընթացների հիմքում դրված են «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի ծրագրերը։ Պարապմունքներն անցկացվում են «Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերության Գյումրու հետազոտական կենտրոնում, դասավանդում են «Ինստիգեյթ Դիզայնի» և «Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերության աշխատակիցները։

57 դիմորդներից հարցազրույցների միջոցով ընտրվել է 22 ուսանող, որոնք մինչ օրս անցնում են համապատասխան վերապատրաստում։

Դասընթացների նպատակն է՝ ՏՏ սկսնակ մասնագետներին ապահովել ոլորտի համար անհրաժեշտ գործնական ունակություններով, ծանոթացնել ժամանակակից ՏՏ ընկերությունների արտադրական գործընթացին, պատրաստել կադրեր Գյումրիում գործող ՏՏ ընկերությունների համար։

«Ինստիգեյթ Դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը նշում է, որ դասընթացները բավականին մեծ արդյունք են գրանցել։ Արդեն իսկ որոշվել է, որ 17 ուսանող աշխատանքի կանցնի նշված ընկերություններում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ևս երկու ընկերություն՝ «Ֆայմտեխ» և «Էրիդա», հետաքրքրված են վերապատրաստման փուլն անցած երիտասարդներով, և մեկ-երկուսն էլ հավանաբար կհամալրեն այդ կազմակերպությունների աշխատակազմը։

Արման Պողոսյանը կարևորում է, որ ուսումնական այս ծրագիրը տեղի է ունենում Գյումրիում, դասախոսներն էլ Գյումրու ՏՏ ընկերությունների մասնագետներ են, իսկ շրջանավարտները կաշխատեն հենց Գյումրիում։

Խոսելով ՏՏ ոլորտում երիտասարդների պատրաստվածության մասին՝ Արման Պողոսյանը նկատեց, որ, թեև ընդհանուր պատկերացում չունի Գյումրու բուհերի ՏՏ ոլորտի ֆակուլտետներ ավարտած ուսանողների մակարդակի վերաբերյալ, սակայն իրենց մոտ հավաքված խումբը բավականին մոտիվացված է և նյութն արագ է յուրացնում։ Դասընթացի միջանկյալ քննություններում մասնակիցները բարձր արդյունքներ են գրանցել։

Արման Պողոսյանը նշում է, որ երեք ընկերությունների միջև համագործակցությունն արդյունավետ է։ Մինչ այս ընկերությունները կազմակերպում էին անհատական դասընթացներ, սակայն միացյալ համագործակցությունն ավելի մեծ արդյունքներ է տվել։

Կազմակերպիչները, հաշվի առնելով դասընթացների արդյունավետությունը, որոշում են ընդունել նույն ձևաչափով և համագործակցությամբ շարունակել դասընթացները, դրանք, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս