Բաժիններ՝

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրեց այն «հայհոյախառն» ու «սպառնալիքներով լի» նամակները, որոնք ուղարկել են իրեն

«Հասկացա, որ ՀՔԾ-ի համար կարևոր է եղել ոչ թե իմ կողմից բարձրացրած խնդիրը, այլ ավելի կարևոր է եղել, որ փորձեն ցույց տան, որ ես ճիշտ հասցեով չեմ դիմել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ Հելսինկյան ասոցիացիան հանդես էր եկել փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ անձնական բնույթի սպառնալիքների և հետապնդումների մասին հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում էր, թե փաստաբանը սպառնալիքներ բովանդակող էլեկտրոնային նամակներ է ստանում, որոնք առնչվում են ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքի անդամներին:

Փաստաբանն այդ առնչությամբ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Ա. Պապիկյանի, ինչպես նաև նրա ընտանիքի հասցեին հնչեցված սպառնալիքների հարցով Հատուկ քննչական ծառայությունը չի կարող զբաղվել:

«Ա1+»-ի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ասել է. «Հաշվի առնելով, որ ՀՔԾ-ն զբաղվում է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների քննությամբ, իսկ Արայիկ Պապիկյանի նկատմամբ սպառնալիքներով հանդես եկած անձանց նկատմամբ չկան տվյալներ, որ նրանք զբաղվում են պետական հատուկ ծառայությամբ, ուստի հիշյալ դեպքի վերաբերյալ նախաքննություն իրականացնելը ՀՔԾ-ի իրավասության շրջանակներում չէ, ինչը պետք է նախապես հայտնի լիներ Արայիկ Պապիկյանին՝ որպես փաստաբանական գործունեությամբ զբաղվող անձի և իրավաբանի»:

Ա. Պապիկյանի գնահատմամբ՝ ՀՔԾ-ն փորձել է իր համար անվճար իրավաբանական վերապատրաստման դասընթաց են պատրաստել.

«Ինչի համար շատ շնորհակալ եմ, ես դասեր քաղեցի, հուսով եմ, որ այլևս նման առիթ չի լինի, որպեսզի ես դիմեմ ՀՔԾ-ին, իսկ ինչ վերաբերում է նրան, որ ՀՔԾ-ում առավելապես ավելի շատ հետաքրքրված էին կեղտ կամ ցեխ շպրտելով դեպի իմ կողմը, ապա ասեմ, որ դա ինձ չի հասել, և այն անձը և այն կառույցը, որը նման բան է կատարել, ինքը ցեխոտված մնաց, որովհետև իր ձեռքերը ցեխի մեջ մնացին: Նաև տեղեկացա, որ Գլխավոր դատախազությունը ստացել է համապատասխան դիմումներ ու հանձնարարություն է տվել Ոստիկանությանը, և այսօր արդեն Ոստիկանությունից ինձ հետ կապվել են, ու մենք պայմանավորվել ենք, որ այսօր պետք  է համապատասխան պաշտոնյաների հետ հանդիպենք՝ այդ դիմումի հետ կապված հետագա իրադարձությունները պարզելու, քննչական կամ կատարողական գործողությունները կատարելու նպատակով»:

Ա. Պապիկյանը նաև կարդաց այն «հայհոյախառն» և «սպառնալիքներով լի» նամակները, որոնք Էմմա Սահակյան անունով ֆեյսբուքյան «կեղծ» օգտատերն ուղարկել է իրեն:

Նա չներկայացրեց այն հայհոյանքները, որոնք կային նամակներում, բայց թույլ տվեց լրագրողներին կարդալ դրանք:

Նրա խոսքով՝ այդ կեղծ օգտատերն ամիսներ շարունակ գործում է, կոնկրետ նույն օգտատերն առաջին նամակը ստացել է մայիսի 11-ին, որին որևէ կերպ չի արձագանքել, իսկ երկրորդը՝ օգոստոսի սկզբին, որից հետո մտածել է՝ գուցե իմաստ կա դիմել ՀՔԾ, քանի որ դա ոչ միայն իրեն է վերաբերել, այլև իր ընտանիքի անդամներին. «Առաջին նամակն ամբողջությամբ չեմ կարող ընթերցել, բայց ասեմ՝ «Այ…հերիք է մարդասպաններին պաշտպանես»:

Իսկ վերջին նամակը նույնպես ամբողջը չեմ կարող կարդալ՝ «Հերիք ա էդ հանցագործ… տղերքին պաշտպանես», այնտեղ բառեր կան, որ ուղղակի չեմ կարող ասել»:

Հարցին, թե սպառնալիքը ո՞րն է այդտեղ, Ա. Պապիկյանը պատասխանեց, որ դա էլ է հայհոյանք, դրա համար չի կարող այդ բառերը հրապարակել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս