Պռոշյանում գտնված նորածնին որդեգրել շատերն են ցանկանում. նրանցից մեկը գիշերը չի քնել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցյալ շաբաթ` օգոստոսի 12-ին, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում լքված նորածնին որդեգրել շատերն են ցանկանում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այդ առնչությամբ բազմաթիվ զանգեր է ստացել, իսկ Սահմանադրական դատարանի աշխատակցուհիներից մեկը, որը նույնպես տևական ժամանակ երեխա որդեգրելու նպատակ ունի, այցելել է գերատեսչություն:
«Այսօր նախարարություն է այցելել Մարիամ Խաչիբաբյան անուն-ազգանունով կին: Զանգահարել են առնվազն 20 քաղաքացիներ, ովքեր երազում են առողջ երեխա որդեգրել եւ բազմիցս դիմել են նախարարություն ու համապատասխան մարզպետարաններ: Նրանց չենք կարողացել առողջ երեխայի տվյալներ տրամադրել: Նույնիսկ Արմավիրի մարզից զանգահարող մեկը ասաց, որ գիշերը չի քնել, և անպայման ինքը պետք է այդ երեխային որդեգրի: Ես բոլորին բացատրել եմ, որ երեխան դեռեւս որդեգրման ենթակա չէ»,- մեզ հետ զրույցում ասաց երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:
Նա նշեց, որ այս պահին երեխան չի կարող հայտնվել նախարարության տեսադաշտում, քանի որ համարվում է ընտանիքի երեխա. «Ընկալենք նրան որպես ընտանիքի երեխա, հույս ունենանք, որ մայրը կհայտնվի: Նա կարող է աֆեկտի ազդեցության տակ երեխային թողած լինել, հետծննդյան դեպրեսիա ունենա, բայց հետո ուշքի գա և երեխային վերցնեի: Մենք հույս ունենք, որ այդպես կլինի»:
Իսկ եթե չէ, բավական գործընթաց կպահանջվի, որպեսզի երեխան հայտնվի մանկատանը և համարվի որդեգրման ենթակա: «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դրսում հայտնված երեխայի վերաբերյալ տեղեկատվությունը ստացել է սոցիալական ցանցերից: Այլ տեղեկատվության չեն տիրապետում ոչ մանկատները, ոչ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Երեխան մեր ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել միայն այն ժամանակ, երբ երեխայի հետևից ոչ մեկը չգնա բուժհիմնարկ, չկարողանա հաստատել, որ երեխայի ծնողն է, եւ բուժհիմնարկը, որպես առանց ծնողական խնամքի մնացածի, այդ երեխայի փաստաթղթերը պատրաստի մանկատուն տեղավորելու համար: Իրավապահները երեք ամիս ժամանակ ունեն հետաքրքրվելու, պարզելու ծնողների ինքնությունը: Երեք ամիս հետո նոր մանկատունն իրավունք կունենա ընկեցիկության ակտ կազմել, եւ դա արդեն հիմք կլինի երեխային որդեգրման ներկայացնելու»,- մանրամասնեց Լենա Հայրապետյանը:
Նորածինը դեռևս գտնվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Քանի որ գործը գտնվում է իրավապահների տիրույթում, այստեղից հրաժարվում են նրա մասին պաշտոնական տեղեկություններ հաղորդել: Մեզ, սակայն հաջողվեց պարզել, որ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող փոքրիկի վիճակը գնահատվում է կայուն, բայց դուրս գրելու ժամկետների մասին դեռևս որոշում չկա:
Բացի առկա որոշակի խնդիրները, բժիշկները նաև չեն բացառում, որ երեխան կարող է ձեռք բերած լինել դեռևս չարտահայտվող ինչ-որ վարակներ, քանի որ բոլորովին մերկ դրված է եղել հողի ու խոտերի մեջ, այն դեպքում, երբ նորածինները պետք է պահվեն ստերիլ պայմաններում:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից էլ մեր հարցմանը պատասխանեցին, որ նորածնին լքելու գործով նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե: Միևնույն ժամանակ պարզեցինք, որ երեխայի ծնողների ինքնությունը դեռևս հայտնի չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։