Բաժիններ՝

Գերմանիան պատասխանել է Թուրքիայի ԱԳՆ նոտային

Գերմանիան պատասխանել է Թուրքիայի ԱԳՆ-ին և հերքել այն պնդումներն ըստ որոնց 2016թ-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող գյուլենական գործիչ Ադիլ Օքսուզը ապաստան է գտել Գերմանիայում:

Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» պարբերականը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հավաստիացրել է, որ Օքսուզի իրենց երկրում գտնվելու վերաբերյալ որևէ տեղեկության չի տիրապետում:

Ավելի վաղ Թուրքիան, տեղեկություն ստանալով, որ գյուլենական գործիչ Ադիլ Օքսուզը գտնվում է Գերմանիայում, օգոստոսի 16-ին նոտա էր ուղղել Գերմանիային:

Թուրքիան նոտայով Գերմանիային խնդրել էր ստուգել Օքսուզի՝ Գերմանիայում գտնվելու վերաբերյալ լուրերի ճշտությունը, և եթե նա իսկապես այդ երկրում է ձերբակալել, արտահանձնել Թուրքիային:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել էր Գերմանիային ուղղված նոտային:

«Գյուլենական Օքսուզի՝ Գերմանիայում գտնվելու վերաբերյալ սկսեցին տեղեկություններ ի հայտ գալ. մենք էլ, որպես արտգործնախարարություն, պաշտոնապես դիմեցինք Գերմանիային և խնդրեցինք Օքսուզի՝ Գերմանիայում լինելու պարագայում նրան ձերբակալել և ուղարկել Թուրքիա»,- ասել էր Չավուշօղլուն:

Նախորդ շաբաթ Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներից մեկը հայտնել էր,որ Ադիլ Օքսուզին տեսել են Գերմանիայի Ֆրանկֆուրտ և Ուլմ քաղաքներում: Նշվում էր նաև, թե, իբր, Գերմանիայի Բադեն-Վյուրթենբերգում Օքսուզին ժամանակավոր ապաստան է տրվել:

Որոշ ժամանակ առաջ գերմանական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո մոտ 4 հազար գյուլենական Թուրքիայից մեկնել են Գերմանիա:

Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:

Շուրջ 20 տարի է, ինչ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն որոշակի ազդեցություն է պահպանում Թուրքիայում:

74-ամյա գործիչը նախկինում Էրդողանին օգնել էր գալ իշխանության, բայց ժամանակի ընթացքում երկրի ղեկավարման հարցում նրանց մոտեցումները փոխվել են:

Պետական հեղաշրջման փորձի կազմակերպումից բացի՝ Էրդողանը Գյուլենին մեղադրում է բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս