«ԵՏՄ անդամ որոշ երկրներ չեն հետևում խաղի կանոններին». Թաթուլ Մանասերյան

«ԵՏՄ շրջանակում ապրանքներին հետևելու մեխանիզմը շատ կարևոր հարց է, քանի որ որոշ դաշնակիցներ չեն հետևում խաղի կանոններին»,- այսօր Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը՝ ընդգծելով, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանը հայտարարեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին, որոշ դաշնակիցներ Թուրքիայից և երրորդ երկրներից ապրանք էին ներկրում՝ ունենալով հանդերձ, այսպես կոչված, ծագման վկայագրերը։

«Պարզ է, որ դրանք իրականությանը չէին համապատասխանում։ Այդ հարցը պետք է լուծվի, որպեսզի լինի ոչ միայն ազատ, այլև արդար մրցակցություն։ Ցավոք, մինչ օրս մեր հինգ երկրներում, իսկ առավել ևս՝ գործնական շրջանակում, այնքան էլ պարզ չէ, թե ով ում հետ գործ ունի, և շատ են դեպքերը, երբ ընկերությունները միմյանց դուրս են մղում ԵՏՄ-ի շուկայից՝ միմյանց զարգացնելու փոխարեն»,- ընդգծեց Մանասերյանը։

Տնտեսագետի խոսքով՝ շատ կարևոր է, որ Եվրասիական տնտեսական միությունը և Իրանն ազատ առևտրի համաձայնագիր ունենան. «Իրանը 80-միլիոնանոց շուկա ունի, և ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել այդ երկրի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունենալու հնարավորությունը»։

Նրա դիտարկմամբ՝ ԵՏՄ անդամ երկրներից Հայաստանը միակն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ և կարող է յուրատեսակ կամուրջ հանդիսանալ Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև:

Տեսանյութեր

Լրահոս