Ջորջ Մարտինը պատմել է, թե ինչու է սպանում իր գլխավոր հերոսներին
Ամերիկացի գրող, «Երգ սառույցի եւ կրակի մասին» սագայի հեղինակ, ըստ որի նկարահանվել է «Գահերի խաղը» ժողովրդականություն վայելող սերիալը, Ջորջ Մարտինը պատմել է, որ իր գրքերի գլխավոր հերոսներին սպանում է, որպեսզի մշտապես լարվածության ու վախի մեջ պահի ընթերցողներին:
«Երբ հերոսը դժբախտության կամ վտանգի մեջ է, ես ցանկանում եմ, որ ընթերցողը վախենա, որ նա լարվածության մեջ, գռգռված վիճակում լինի: Ես կարծում եմ՝ դա անելու միակ հնարավորությունը կարեւոր որեւԷ մեկին անսպասելիորեն սպանելն է: Այդ ժամանակ նա կիմանա, որ դու իրապես ես գործում, որ դա գիրք է, որտեղ կարող է տեղի ունենալ ամեն ինչ եւ, եթե վտանգ հայտնվի, կերպարը կարող է չփրկվել: Այդ պատճառով ես սպանեցի Էդդարդ Սթարքին»,- լրագրողներին պատմել է Մարտինը: «Սառույցի եւ կրակի երգի» գլխավոր հերոսներից մեկը՝ Էդդարդ Սթարքը, սպանվել է շարքի առաջին վեպի ավարտին:
Մարտինը բացատրել է, որ դեռ պատանեկության տարիներին ինքը կարդում էր գրքեր, որոնք, իր տեսակետով, չափազանց կանխատեսելի էին: «Դու սկսում ես կարդալ առաջին գլուխը եւ արդեն գիտես, թե ինչ է լինելու հետո: Ահա հերոսը, ահա չարագործը: Հերոսը փորձանքի մեջ է հայտնվում ինչ-որ ժամանակով, բայց արդյունքում հաղթում է: Հերոսի համար չկա իրական վտանգ: Եմ չեմ սիրում նման գրքեր կարդալ: Ես սիրում եմ այնպիսի գրքեր, որոնք զարմացնում են ինձ, շփոթահար վիճակի մեջ գցում, ինձ տանում են անսպասելի ուղղությամբ, հույզեր են առաջացնում, գրգռում են ինձ, պահում լարվածության մեջ»,-պարզաբանել է գրողը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին :