ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին
ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված «2016. կրոնական ազատություններ» միջազգային զեկույցում, որը արդեն 19 տարի է հրապարակվում է, անդրադարձ է կատարվել նաև Պոլսո Հայոց պատրիարքի սպասվելիք ընտրություններին: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
ԱՄՆ պետդեպարտամենտի կրոնական ազատությունների վերաբերյալ միջազգային զեկույցը հրապարակվել է օգոստոսի 15-ին: Զեկույցում, ի թիվս Թուրքիայի դեմ հնչած մի շարք քննադատությունների, անդրադարձ է կատարվել թուրքական պետության կողմից Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին միջամտելու հանգամանքին:
«Թուրքիայի կառավարությունը միջամտում է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրական գործընթացին»,- ասված է զեկույցում:
«Ոչ մուսուլմանների մեծ մասը բնակվում է Ստամբուլում և այլ մեծ քաղաքներում: Կոնկրետ թվաքանակը չգիտենք, սակայն համայնքների սեփական տվյալների համաձայն` Թուրքիայում մոտ 90 հազար ուղղափառ հայ կա, որոնցից 60 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 30 հազարն ապրում են առանց քաղաքացիության: Մյուս ոչ մուսուլման հասարակությունների թվաքանակները հետևյալն են. 17 հազար հրեա, 25 հազար հռոմեական կաթոլիկ, 25 հազար սիրիացի ուղղափառ, 15 հազար ռուս ուղղափառ, 10 հազար բահաի, 22 հազար եզդի, 5000 Եհովայի վկա, 2 հազար ուղղափառ հույն: Մորմոններն էլ Թուրքիայում ունեն մոտ 300 անդամ»,- նշված է զեկույցում:
Պոլսո Հայոց պատրիարքարանը հուլիսին տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տնօրինությամբ Ստամբուլի նահանգապետարան էր ներկայացրել պատրիարքական ընտրություն անցկացնելու խնդրագիրը:
Խնդրագրի հետ նահանգապետարան են ներկայացվել հանգստյան կոչված Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի մասին բժշկական տեղեկագրերը, ինչպես նաև նրա համար խնամակալ կարգելու մասին դատական որոշումը:
Խնդրագրի մեջ ներկայացված են նաև 2017 թվականի մարտի 15-ին գումարված Եկեղեցական համագումար ժողովի ժամանակ պատրիարքական տեղապահի ընտրության արդյունքները:
Պոլսո Հայոց պատրիարքարանում 2016 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ քննարկվել էր հարցն այն մասին, որ 2008 թվականի մայիսից պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դադարել է պաշտոնավարել և պատրիարքական աթոռի ընթացիկ գործերը կատարելու համար պատրիարքական ընդհանուր փոխանորդ է ընտրվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
«Եկեղեցական կանոններն ու ավանդույթն ուխտի լուծարման համար բավարար են համարում յոթ տարվա բացակայությունը: Հետևաբար Պատրիարքի ութ տարվա բացակայությունը հաստատում է «Պատրիարքական ուխտի» լուծարումը: 2015 թվականի դատաբժշկական հանձնախմբի տեղեկագրով վավերացված է Պատրիարքի`ոչ գործուն լինելու հանգամանքը:
Վերանշյալ փաստերը հաստատում են, որ Պատրիարքական աթոռը մնացել է «թափուր»: Ուստի Ժողովական Հայրերը միաձայն որոշել են «հանգստյան կոչված» համարել Ն. Ա. Տ. Մեսրոպ Բ. Ս. Պատրիարք Հայրը և անվանել նրան «ՊԱՏՐԻԱՐՔ Ի ՀԱՆԳՍՏԵԱՆ»,- ասվում էր ժողովի արդյունքներով ընդունված զեկույցում: