Բաժիններ՝

Հարավային Կորեայի վարչապետը դեմ է երկրում միջուկային զենքի տեղակայմանը

Հարավային Կորեայի վարչապետ Լի Նակ Յոնը հանդես էեկել իր երկրում միջուկային զենքի տեղակայման դեմ, զգուշանալով, որ դա կվնասի այն փորձերին, որոնք նպատակամղված են միջուկային ծրագրից ԿԺԴՀ-ի հրաժարվելուն: Այդ մասին նա հայտարարել է YTN հարավկորեական հեռուստաալիքի եթերում:

«Եթե ասենք՝ եկեք մենք էլ միջուկային զենք ունենանք, նպատակ դնելով Հյուսիսային Կորեայի միջուկազերծումը, ապա միջուկազերծման համար փաստարկները կթուլանան, եւ արդյունքում մենք կխթանենք միջուկային սպառազինությունների մրցավազքը Հյուսիսարեւելյան Ասիայում»,- ասել է Լի Նակ Յոնը:

Դրա հետ մեկտեղ հարավկորեական կառավարության ղեկավարը հնարավոր է համարել Հարավային Կորեայի ափերի մոտ ատոմային սուզանավերի ներկայությունը:

«Ինչ վերաբերում է ատոմային սուզանավերին, դա մի փոքր այլ է, քան տակտիկական միջուկային զենքը, ուստի ես կարծում եմ, որ ժամանակն է քննարկել դրանց ձեռքբերման հարցը»,- նշել է վարչապետը:

Նույն օրը, ինչպես Սեուլից հայտնել է «Ռյոնհապ» լրատվական գործակալությունը, Հարավային Կորեայի խորհրդարանում Ազատ Կորեայի կուսակցությունից պահպանողականների ընդդիմադիր խմբակցությունը երկիր ԱՄՆ-ի միջուկային զինանոցի վերադարձման ուղեգիծն է որդեգրել, որը դուրս էր բերվել 1991 թվականին կորեական երկու պետությունների հակամիջուկային հռչակագրի ստորագրումից հետո: Կուսակցությունը երկրի իշխանություններին հորդորել է Ամերիկայի հետ բանակցություններ սկսել միջուկային զենքի տեղակայման շուրջ:

Հարավային Կորեայի կառավարող Դեմոկրատական կուսակցությունը հանդես է եկել դրա դեմ: Խորհրդարանում դեմոկրատների խորհրդարանական խմբակցության ղեկավար Ու Վոն Սիկը CBS ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հարավային Կորեայում միջուկային զենքի վերահայտնվելը կխթանի միջուկային սպառազինությունների մրցավազքը Հյուսիսարեւելյան Ասիայում եւ կապակայունացնի Կորեական թերակղզու իրադրությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս