Դենիել Քրեյգը վերստին մարմնավորելու է Ջեյմս Բոնդին
Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը վերջապես հաստատել է, որ վերստին մարմնավորելու է Ջեյմս Բոնդին՝ հինգերորդ անգամ, տեղեկացնում է BBC-ն: «Այո՛»,-պատասխանել է նա The Late Show ամերիկյան երգիծական հեռուստաշոուի հաղորդավար Սթիվեն Քոլբերթի հարցին:
Ավելի վաղ Քրեյգը քանիցս հրաժարվել է դա հաստատել. վերջին անգամ՝ նախօրյակին՝ օգոստոսի 15-ին Բոսթոնի ռադիոյին տված հարցազրույցում: Մինչդեռ Քոլբերթի հետ խոսակցության ժամանակ դերասանն ասել է, որ այդ մասին գիտեր առնվազն երկու ամսվա ընթացքում:
«Մենք դա քննարկել ենք, փորձել հասկանալ, թե ինչ եւ ինչպես է տեղի ունենալու,- ասել է Քրեյգը:- Ես միշտ դա ցանկացել եմ, բայց ինձ ընդմիջում էր հարկավոր»: Ընդսմին նա նշել է, որ դա կլինի իր վերջին հայտնվելն էկրանին բրիտանական սուպերգործակալի դերում:
Ավելի վաղ The Telegraph բրիտանական թերթը հայտնել է, որ 49-ամյա Քրեյգն ընդունել է համաշխարհային պատմության մեջ ամենաերկարատեւ ֆիլմաշարերից մեկի պրոդյուսեր Բարբարա Բրոքոլիի՝ կինոշարքի եւս երկու ժապավեններում բրիտանական հետախուզության գործակալի դերը խաղալու առաջարկությունը: Նա Բոնդի դերը կատարել է արդեն չորս կինոնակներում: Մի քանի տարի առաջ բրիտանացի դերասանը հրապարակավ հայտարարել էր, որ «ավելի շուտ իր զարկերակը կկտրի», քան կնկարահանվի գործակալ 007 Ջեյմս Բոնդի մասին եւս մեկ ֆիլմում:
Metro-Goldwyn-Mayer (MGM) կինոընկերությունն արդեն հայտնել էր, որ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմն էկրան կբարձրանա 2019 թվականի նոյեմբերին: Դա լինելու է կինոցիկլի 25-րդ ֆիլմը: Միեւնույն ժամանակ MGM-ը չի հայտնել ոչ ռեժիսորի անունը, ոչ ապագա ժապավենի անվանումը, ոչ գլխավոր դերակատարին: Բացի Քրեյգից, ավելի վաղ Բոնդի դերակատարներն են եղել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են՝ Շոն Քոներին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը (1927-2017), Թիմոթի Դալթոնը եւ Փիրս Բրոսնանը:
Կինոշարքի՝ «Դոկտոր Նոու» անվանումով առաջին ֆիլմը թողարկվել է 1962 թվականին: Բոնդապատումի մինչ այժմ վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի «007. ՍՊԵԿՏՐ»-ը, համաշխարհային վարձույթում վաստակել է ավելի քան 880 մլն դոլար: