Բաժիններ՝

Մոսկվայի բանկերից մեկում պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանը մասամբ ընդունել Է մեղքը

Գործարար Արամ Պետրոսյանը, որն անցյալ տարվա ամռանը պատանդներ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկի մասնաճյուղում, օգոստոսի 16-ին հայտարարել է, որ մասամբ իրեն մեղավոր է համարում, տեղեկացնում  է «Ինտերֆաքսը»:

«Ես մասամբ եմ ընդունում իմ մեղքը»,- ասել է Պետրոսյանը Մոսկվայի շրջանային ռազմական դատարանում, որն այսօր ձեռնամուխ է եղել նրա գործի քննությանը:

Պետրոսյանի խոսքով՝ ինքը զղջում Է կատարած հանցագործության համար: «Ես ահաբեկիչ չեմ, ես նախագահի զինվորն եմ: Ես ցանկանում եմ պատիժ ստանալ իմ կատարած հանցագործությանը համաչափ»,- նշել է գործարարը:

Մոսկվայի 56-ամյա բնակիչ Պետրոսյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի առաջին մասով (ահաբեկչական գործողություն) եւ 206-րդ հոդվածի երկրորդ մասով (պատանդառություն): Նա գտնվում է կալանքի տակ:

Հոգեբուժական փորձաքննության եզրակացությունների համաձայն, մեղադրյալը մեղսունակ է եւ գիտակցել է իր գործողությունների բնույթը:

2016 թվականի օգոստոսի 24-ի երեկոյան Պետրոսյանը չորս մարդու է պատանդ վերցրել Մոսկվայի Մեծ Նիկիտսկայա փողոցի բանկում՝ սպառնալով պայթեցնել իր կրծքի վրա գտնվող առարկան, որը նման էր պայթուցիկ սարքի: Չնայած սպառնալիքներին, նա երեկոյի ընթացքում ազատ է արձակել պատանդներին ու հանձնվել:

Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր, Պետրոսյանը միջադեպից չորս տարի առաջ խնդիրներ է ունեցել բիզնեսում եւ պարտքերի տակ է ընկել: Աղբյուրի խոսքով՝ այդ ժամանակվանից ձեռնարկատերը պարբերաբար ձեռնարկատերերի աջակցման նախաձեռնություններ էր ուղարկում պետական իշխանության մարմիններ: Պատանդառությունից առաջ Պետրոսյանը YouTube-ում տեսահոլովակ է զետեղել, որում դիմել է Ռուսաստանի նախագահին եւ նախազգուշացրել, որ «կդիմի ՌԴ քրեական օրենսգրքի կտրուկ, ռեզոնանսային խախտման»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս