ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հիշատակում է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությունը
Աշխարհի բնակչության երկու երրորդից ավելին զրկված է կրոնի ազատության իրավունքից, այսօր հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ներկայացնելով Աշխարհում կրոնի ազատության նոր զեկույցը.
«Աշխարհի բնակչության գրեթե 80 տոկոսն ապրում են իրենց կրոնի ազատության սահմանափակման կամ դրա դեմ ուղղված թշնամական գործողությունների պայմաններում»:
Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ պետքարտուղարի խոսքով, կրոնի ազատության հետ կապված առավել բարդ է իրավիճակը Դաեշի ահաբեկիչների վերահսկողության տակ եղած տարածքներում, որտեղ եզդիները եւ քրիստոնյաները լավագույն դեպքում հատուկ հարկ են վճարում, սակայն հաճախ՝ սպանվում, բռնաբարվում կամ վաճառվում որպես ստրուկներ: Լուրջ խնդիրներ կան նաեւ Սաուդյան Արաբիայում, Չինաստանում, Պակիստանում, Սուդանում, Իրանում եւ Թուրքիայում, նշում է պետքարտուղար Թիլերսոնը.
«Թուրքիայում իշխանությունները շարունակում են սահմանափակել որոշ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների մարդու իրավունքները, իսկ որոշ համայնքներում շարունակվում են կրոնական սեփականության շուրջ վեճերը»:
Մասնավորապես, զեկույցում նշված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայցը, որը պահանջում է վերադարձնել 1915 թվականին ապօրինի կերպով գրավված Կաթողիկոսի նստավայրը Սիսում: 2016-ի հունիսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել էր հայցն ընթացակարգային պատճառներով, սակայն, դեկտեմբերին հայցվորը դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Զեկույցը հիշատակում է նաեւ, որ Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են կրոնական ծիսակատարություններն Ախթամար կղզու հայկական եկեղեցում:
Ադրբեջանում 2016-ին ձերբակալվել էկրոնական 86 առաջնորդ, որոնց տեղական դիտորդները քաղբանտարկյալ են համարում: Պետքարտուղարությունն ընդգծում է, որ առավել բարդ է ոչ ավանդական կրոնական խմբերի վիճակը, որոնք փաստորեն զրկված են ազատ հավաքվելու իրավունքից: «Իշխանությունները շարունակում են փակել կրոնական հաստատություններ եւ խափանել կրոնական ծառայությունները», – նշում է Պետքարտուղարությունը:
Հայաստանում մտքի, խղճի եւ կրոնի ազատությունն ապահովված է Սահմանադրությամբ, նշված է զեկույցում, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին հռչակված է Հայաստանի ազգային եկեղեցի եւ ազգային ինքնության պահապան: Կրոնի ազատության դեմ ուղղված միջադեպերը Հայաստանում, հարեւանների համեմատ, հազվադեպ են, սակայն՝ գոյություն ունեն: Մասնավորապես, զեկույցը նշում է 2016-ի հոկտեմբերի 2-ին Վանաձորի ավետարանական եկեղեցու քահանայի դեմ բռնությունները եւ Եհովայի վկաների դեմ ճնշման 17 դեպքերը:
Եհովայի վկաների դեմ 11 բռնության դեպք էր գրանցվել 2016-ին Վրաստանում, որտեղ, զեկույցի գնահատմամբ, ոչ ավանդական կրոնական խմբերն ընկալվում են որպես ազգային ինքնության պահպանման վտանգ:
Տարածաշրջանում առավել բարդ է կրոնի ազատության հետ կապված իրավիճակը Իրանում, որտեղ քրիստոնյաները, բահայի հավատքի եւ այլ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հալածանքների են ենթարկվում:
«Իրանը շարունակում է իր քաղաքացիներին մահվան դատապարտել մշուշոտ հավատուրացության մեղադրանքներով. 2016-ին 20 մարդ մահապատժի է ենթարկվել «Աստծո դեմ պատերազմ վարելու» մեղադրանքով», – նշել է Թիլերսոնը:
Միացյալ Նահանգների պետքարտուղարը հիշեցրել է, որ կրոնի ազատության սահմանափակումը ծայրահեղականություն եւ կրոնական արմատականություն ծնող հիմնական պատճառներից մեկն է: