Զինված անձը Ստամբուլում շենքերից մեկի կտուրից անկանոն կրակ է բացել
Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի շենքերից մեկի կտուր բարձրացած Մեսհուր Ուզել անունով քաղաքացին երկար ժամանակ անկանոն կրակ է բացել տարբեր ուղղութոյւններով:
Պոմպային հրացանից արձակած կրակոցներից վնասվել է մի քանի ավտոմեքենա: Ոստիկանները տևական ժամանակ փորձել են համոզել դադարեցնել գործողությունները, սակայն Ուզելն անդրդվելի է մնացել:
Ըստ թուրքական «haberler.com» լրատվական կայքի` դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության խումբը փորձել է գործողություն իրականացնել նրան վնասազերծելու համար, ինչն էլ տեսնելով՝ Ուզելը փորձել է ինքնասպանություն գործել:
Սակայն ծնոտին ուղղած զենքը խափանվել է ու չի կրակել, ինչից հետո ոստիկանները ձերբակալել են Ուզելին:
Պարզվել է, որ Ուզելի այդ քայլը պայմանավորված է եղել եղբայրների հետ ունեցած բնակարանային վեճով: Նրա 8 եղբայրները բնակարան չեն հատկացրել Ուզելին իրենց կառուցած բազմահարկ շենքից, ինչն էլ դրդել է վերջինին նման քայլի: