Բաժիններ՝

«Ելք»-ն առաջարկում է բացառել ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ պատգամավորների տեսակցություններն արգելելու դեպքերը

ԱԺ «Ելք» խմբակցությունը պատրաստվում է շրջանառության մեջ օրենքի նախագիծ դնել, որով կառաջարկվի բացառել այն դեպքերը, երբ քրեակատարողական հիմնարկներն Ազգային ժողովի պատգամավորներին թույլ են տալիս տեսակցել ձերբակալված կամ կալանավորված այն անձանց, որոնց տեսակցությունների վրա նախաքննության մարմինն արգելք է դրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորն ընդգծում է, որ այդ արգելքն ապօրինի է, իսկ իրենց դիրքորոշումը ներկայացված է օրենքի նախագծի հիմնավորման մեջ: «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի և մուտքի իրավունք ունեն, և նման իրավունք վերապահված է նաև ԱԺ պատգամավորին։ Նույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը սահմանում է, որ կալանավորված կամ ձերբակալված անձանց տեսակցությունները քննության շահերից ելնելով կարող են արգելվել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Ակնհայտ է, որ 48-րդ հոդվածով սահմանված են հենց նման դեպքեր, անձանց շրջանակ, որոնց հետ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունները չի կարելի արգելել, որովհետև օրենքը նրանց օժտել է ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունքով, սակայն քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը հաճախ այլ կերպ են մեկնաբանում օրենքը և արգելում են ԱԺ պատգամավորների տեսակցությունները ձերբակալված կամ կալանավորված այն անձանց հետ, որոնց նկատմամբ տեսակցությունների արգելքի որոշում է կայացված նախաքննության մարմնի կողմից։ Սա հանգեցնում է ԱԺ պատգամավորի գործունեության արհեստական և ոչ իրավաչափ խոչընդոտների»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը և արձանագրել, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որևէ պարագայում չի կարելի արգելել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս