ԱՄՆ-ը հրապարակել է ԿԺԴՀ-ի հետ երկխոսություն սկսելու պայմանը

Հյուսիսային Կորեան պետք է ցուցադրի միջուկազերծման հարցում մտադրությունների լրջությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսելու համար: Այդ մասին բրիֆինգում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կցանկանար բանակցություններ վարել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, «երբ գա ժամանակը»: «Երբ նրանք ցուցադրեն, որ իրենք լրջորեն են տրամադրված շարժվելու միջուկազերծման ուղղությամբ: Մենք առայժմ դա չենք տեսել»,- նշել է Նոյերթը:

Դրա հետ մեկտեղ նա չի կոնկրետացրել բանակցություններ սկսելու նախնական պայմանները: Մասնավորապես, Պետդեպի ներկայացուցիչը չի պատասխանել հարցին՝ դրա համար բավարար կլինի արդյոք ամերիկյան Գուամ կղզուն հարված չհասցնելու ԿԺԴՀ-ի պարտավորությունը:

«Նրանք գիտեն ինչ է պետք անել»,- ընդգծել է Նոյերթը, Նրա հայտարարությունը հնչել է Կորեական թերակղզում ռազմական դիմակայության սրման ֆոնին, որին հանգեցրել են Փենյանի եւ Վաշինգտոնի մի շարք սուր հայտարարությունները: Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե ԿԺԴՀ-ն չպետք Է սպառնա ԱՄՆ-ին, եւ խոստացել է հարձակումներին պատասխանել «կրակով եւ ցասումով, որոնք աշխարհը երբեք չի տեսել», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս