Բաժիններ՝

Օբամայի թվիթը Շառլոտսվիլլի դեպքերից հետո ամենատարածվածն է դարձել Twitter-ի պատմության մեջ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի թվիթը Շառլոտսվիլլում աջ ծայրահեղականների եւ նրանց հակառակորդների ընդհարումներից հետո ամենից տարածվածն է դարձել Twitter-ի գոյության ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին վկայում են favstar.fm կայքի տվյալները, որը հետեւում է օգտատերերի ակտիվությանը:

Twitter-ում Օբաման մեջբերում է կատարել հարավաֆրիկացի պետական եւ քաղաքական գործիչ Նելսոն Մանդելայի խոսքից: Ինչպես գրել է Independent-ը, թվիթին կցված է Օբամայի լուսանկարը մանկապարտեզի լուսամուտի մոտ, որը 2011 թվականին արել է լուսանկարիչ Փիթ Սոուզան: Պատուհանից միասին նախագահին են նայում տարբեր ռասաների երեխաներ:

«Ոչ ոք չի ծնվում այլ մարդու նկատմամբ ատելությամբ մաշկի գույնի, ծագման կամ կրոնի պատճառով: Մարդիկ պետք է սովորեն ատել, եւ եթե նրանք կարող են սովորել ատել, ապա նրանց կարելի է սովորեցնել սիրել, որովհետեւ սերն ավելի բնական է մարդու սրտին, քան դրա հակադրությունը-Նելսոն Մանդելա»,- գրել է Օբաման: Գրությունը բաժանվել է երեք թվիթի:

Առաջին մասը հավաքել է ավելի քան 2,73 միլիոն լայք: Ավելի վաղ ամենից ավելի ժողովրդականություն վայելող թվիթը երգչուհի Արիանա Գրանդեի գրությունն էր Մանչեսթրում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո. «Կոտրված եմ: Ամբողջ սրտով ցավում եմ, շատ եմ ցավում: Բառեր չունեմ ասելու»: Այս թվիթը հավաքել էր 2,72 միլիոն լայք, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս