Վայոց ձորի հրդեհի հեղինակը խոստովանական ցուցմունք է տվել. Սերժ Սարգսյանին զեկուցել է Արթուր Դավթյանը. news.am
Վայոց ձորում խոշոր հրդեհի հեղինակը դեպքի պահին եղել է անչափահաս որդու հետ, փորձել են հրդեհը հանգցնել, սակայն չեն կարողացել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այս մասին գրում է news.am-ը:
Դատախազը հայտնել է, որ հրդեհի հեղինակը խոստովանական ցուցմունք է տվել եւ նկարագրել, թե ինչպես է հրդեհը բռնկվել:
«Անձը նկարագրել է, որ երեկոյան վեցին գնացել է իր հանդամաս նախորդ օրը քաղած խոտը հակավորելու աշխատանքներն իրականացնելու համար: Կիսախափանված, «Ջորի» մեքենայով է եղել, փորձել է բարձրունքը բարձրանալ, սակայն, այդ ընթացքում շարժիչի գործարկման հետ կապված խնդիրներ են առաջացել եւ ըստ իր ներկայացնելու՝ խլացուցիչից հավաքված, չայրված գազերի անմիջական բոցի ձայն է լսել, որից հետո մեքենայի հետեւի մասում ծուխ է տեսել: Քաղաքացին եղել է անչափահաս որդու հետ, փորձել են հրդեհը հանգցնել, բայց չեն կարողացել»,- պատմել է Արթուր Դավթյանը:
Գլխավոր դատախազի խոսքով, նշանակվել են փորձաքննություններ: Անդրադառնալով «Խոսրովի անտառում» օգոստոսի 12-ին բռնկված եւ մինչեւ օրս չմարվող հրդեհին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ հարուցվել է քրեական գործ, այս պահին որեւէ արդյունք չկա. «Առավել լայնածավալ անելիք ունենք»: