Բաժիններ՝

Հայաստանի և Իրաքի ներկայացուցիչները քննարկել են հեռահաղորդակցության ոլորտում հնարավոր համագործակցությունը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն ընդունել է  Իրաքի Հանրապետության կապի նախարարության պատվիրակությանը` կապի և ենթակառուցվածքների պետական ընկերության (ITPC) գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նադիմ Լաֆթա Խաջուր Ալ-էլայաուվիի գլխավորությամբ:

Բորիս Դեմիրխանյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրեց այն ոլորտներն ու ուղղությունները, որոնց շուրջ քննարկումներ ու հանդիպումներ կլինեն պատվիրակության` Հայաստանում գտնվելու 3 օրերի ընթացքում:

Նախարարության առաջարկությամբ` այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բուհերի ու գիտահետազոտական մի քանի ինստիտուտների, հեռահաղորդակցության խոշոր օպերատորների և ՏՏ ոլորտի ընկերությունների հետ:

Հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ կատարվեց հեռահաղորդակցության ոլորտին։ Նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի տարածքում ինտերնետ ցանցի հասանելիության ցուցանիշները, օպերատորների աշխատանքը, ներդրվող նոր տեխնոլոգիաները:

Նադիմ Լաֆթա Խաջուր Ալ-էլայաուվին ընդգծեց, որ պատվիրակության այցի նպատակը հենց այս ոլորտում համագործակցության եզրեր գտնելն ու Հայաստանում կայացած ենթակառուցվածքների վերաբերյալ փորձի փոխանակումն է:

Կողմերը քննարկեցին նաև Տեղեկատվության մշակման ազգային կենտրոն (Data center)՝ ստեղծելու երկու երկրների մոտեցումները: Իրաքյան կողմը հայտնեց, որ նույնպես հետաքրքրված է ազգային Data center-ի կառուցման ծրագրով, և այդ ուղղությամբ նախնական քայլեր արդեն իսկ արվում են:

ՀՀՌՑ ներկայացուցիչը կիսվեց Հայաստանի թվային հեռուստատեսության ներդրման փորձով: Հյուրերը հետաքրքրվեցին գործընթացի մանրամասներով` հայտնելով, որ պատրաստվում են իրականացնել թվային հեռուստացանցի կառուցման ծրագիր, և այս ուղղությամբ հնարավոր է համագործակցություն։

Քննարկվեցին նաև արբանյակային ծրագրերի շուրջ գործակցության հնարավորությունները:

Քանի որ հնարավոր համագործակցության ուղղությունները բազմաթիվ են, կողմերը նշեցին, որ առաջին այցի արդյունքների ամփոփումից և ընդհանրացումից հետո կուղենշվեն երկուստեք գործակցության հետագա քայլերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս