Մոսկվան հիասթափված է Թրամփից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ հարցեր է առաջացնում վերլուծաբանների շրջանակում:

«Կարծում եմ գոյություն չունի Թրամփի ռուսաստանյան քաղաքականություն հասկացություն»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նշում է Անդրեյ Կոլեսնիկովը Մոսկվայի Կարնեգի հիմնադրամից:

Թրամփի նախկին մեկնաբանությունները Ռուսաստանի և նրա նախագահ Պուտինի հասցեին ստեղծել էին մի կողմից պատրանք, որ կողմերը կարող են համագործակցել, մյուս կողմից մտահոգության առիթ էին դարձել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում:

«8 ամիս անց նրա տեսլականը ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ այդպես էլ իրականություն չդարձավ»,- ասում է Բրուքինգսի հաստատությունից Ջեյմս Քիրշչիկը:

Պատճառներից մեկն այն է, որ նրա կուսակցության և վարչակազմի անդամները կոշտ դիրքորոշում ունեն Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի և ամերիկյան ընտրություններում վերջինիս դերակատարության վերաբերյալ:

Թրամփի մոտեցումները փոփոխության ենթարկվեցին հուլիս ամսին Լեհաստանում արտասանած ելույթի ժամանակ, ուր նախագահը կոչ արեց ռուսական կողմին դադարեցնել ապակայունացնող գործունեությունն Ուկրաինայում և Իրանի ու Սիրիայի բռնակալ վարչակարգերի սատարումը: Օգոստոսին նա ստորագրեց Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը՝ միևնույն ժամանակ քննադատելով այն:

«Որքան էլ նախագահ Թրամփն ի սրտե ցանկանա ավելի արդյունավետ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, քանի դեռ վերջինս շարունակում է վարել նման քաղաքականություն, գործել այնպես, ինչպես այն գործում է այսօր, քանի դեռ այնտեղ գերիշխում է նման աշխարհայացք, ԱՄՆ-ի և Եվրոպայի համար դժվար կլինի դրական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ»,- ասում է Քիրշչիկը:

Ռուսաստանի վարչապետն իր հերթին թվիթերյան իր էջում գրել է, որ այն իրավական դրույթները, որոնք արգելում են նախագահ Թրամփին վերացնել պատժամիջոցները, որևէ հույս չեն թողնում հարաբերությունների բարելավման առումով:

Թրամփի քաղաքականությամբ հիասթափված են նաև Ռուսատանի հասարակ քաղաքացիները, ովքեր կարծում են, որ Թրամփը միշտ կանի այն, ինչ օգուտ է Ամերիկային, և Ռուսատսանը պետք է գնա իր ուրույն ճանապարհով ու անտեսի Թրամփին:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի և Թրամփի քաղաքական թիմի միջեւ հնարավոր համագործակցության շուրջ ԱՄՆ-ում շարունակվող հետաքննությունը ևս կշարունակի ազդել ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա:

Տեսանյութեր

Լրահոս