Չինաստանը խոստացել է պատասխանել ԱՄՆ-ի առեւտրական սահմանափակումներին

Պեկինն անգործության չի մատնվի, եթե Վաշինգտոնը միակողմանի կարգով որեւիցե առեւտրական սահմանափակում մտցնի մտավոր սեփականության պաշտպանության պատրվակով: Չինաստանի առեւտրի նախարարությունն այսպես է արձագանքել իր առեւտրական քաղաքականության հետաքննություն սկսելուն, որը նախաձեռնել են ԱՄՆ-ում:

«Չինաստանը հուսով է, որ ամերիկացի առեւտրական ներկայացուցիչները կհարգեն եւ կհետեւեն օբյեկտիվ փաստերին, ինչպես նաեւ կգործեն զգուշությամբ»,- հայտնել են գերատեսչությունում:

Իսկ եթե ԱՄՆ-ը նկատի չառնի այդ փաստերը եւ շարունակի գործել ի վնաս երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների, Չինաստանը «ձեռքերը ծալած» չի նայի դրան եւ բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի «իր օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանության» համար, հավելել են առեւտրի նախարարությունում:

Օգոստոսի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ուսումնասիրել Պեկինի կողմից «ամերիկյան մտավոր սեփականության հափշտակությունները»: «Ես առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցչին կարգադրեցի ուսումնասիրել Չինաստանի քաղաքականությունը եւ գործողություններն ամերիկյան տեխնոլոգիաների հանձնման եւ ամերիկյան մտավոր սեփականության հափշտակությունների առնչությամբ»,- ասել է նա՝ հավելով, որ հետաքննության սկիզբը «մեծ քայլ է, բայց դա սոսկ սկիզբն է»:

Նախագահը ենթադրյալ կետերով Չինաստանի նկատմամբ հետաքննության անհրաժեշտությունը հանձնարարել է գնահատել առեւտրական բանակցություններում ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերին: Ամբողջ գործընթացը կարող է տեւել շուրջ մեկ տարի: Եթե ամերիկյան կողմը հեղինակային իրավունքների խախտման փաստ բացահայտի, Վաշինգտոնը կարող Է ձեռնարկել մի շարք միջոցներ, այդ թվում՝ շատ բարձր սակագներ սահմանել չինական ներմուծման վրա եւ վերացնել այն թույլատրագրերը, որոնք տրվել են Չինաստանի ընկերություններին ԱՄՆ-ում գործարարություն վարելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս