«Ես հիացած եմ Չարենցավանի դատավորի որոշումով. դատավորը միայն պաշտոն չէ, մուրճով խփել չէ». «Սասնա ծռերի» գործով փաստաբան
«Դա որևէ իրավական ուժ չունի, այս մասին արդեն ասել են գրեթե բոլոր փաստաբանները, անգամ Փաստաբանների պալատի նախագահն ընդունեց, որ սա որևէ իրավական ուժ չունեցող փաստաթուղթ էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, «Սասնա ծռերի» գործով փաստաբան Նինա Կարապետյանցը:
Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի և Դատական դեպարտամենտի միջև ձեռք բերված պայմանավորվածությունով՝ փաստաբանների նկատմամբ իրականացվող խուզարկությունները փաստացի օրինականացվեցին։
Ն. Կարապետյանցը կարծում է՝ սա ավելի շատ ուղղված էր Դատական դեպարտամենտի անօրինական գործողություններն օրինականացնելուն. «Որովհետև, եթե կա օրենքով սահմանված կարգ, որ փաստաբանին որևէ մեկն իրավունք չունի խուզարկելու իր պարտականությունները կատարելու ժամանակ, հետևաբար՝ ինչ-որ թղթով, որն ընդհանրապես իրավական ուժ չունի՝ փորձել այդ խուզարկություններն օրինականացնել, այդ ամենում տրամաբանություն չկա:
Շատ տխուր է, ափսոս է, որովհետև Փաստաբանների պալատը պետք է լիներ այն անկախ մարմինը, որն այս համակարգում պետք է ունենար իր դերը, և դա պետք է լիներ հավասարակշռող դեր: Փաստաբանը պետք է օրենքին, կարգին չհակադրվի, բայց մենք պետք է լինենք այն ուժը, որը պետք է հավասարակշռի այն ապօրինությունները, որոնք պետք է տեղի ունենան կամ տեղի են ունենում իշխանության կողմից, հատկապես՝ դատական համակարգում»:
Նրա խոսքով՝ «Սասնա ծռեր» 14 և 18 գործերով երկարատև արձակուրդ են վերցրել. «Ստացվեց այսպես, որ նույն մեր պաշտպանյալ Ներսես Պողոսյանն այս պահին ունի երկու փաստաբան, որոնք փաստացի վարույթից չեն հեռացվել, այսինքն՝ դատարանը պետք է որոշում կայացնի վարույթից հեռացնելու մասին, հետո նոր հանրային պաշտպան հրավիրի, օրենքն է դա պահանջում, քանի դեռ նա ունի պաշտպաններ, հանրային պաշտպանի ներգրավումն աբսուրդ է, ու օրենքով է արգելված: «Սասնա ծռերի» գործերն էլ հետաձգում են, երևի թե, ինչ-որ դիրքորոշում պարզելու համար»:
Ն. Կարապետյանցը նշեց, որ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Արթուր Մովսիսյանի գործը լսվում է Չարենացավան քաղաքում առանձին նիստով. «Շատ հետաքրքիր է, որովհետև այս գործով երկրորդ նիստն է ընդամենը, բայց մենք արդեն վկաների ենք լսում: Դատարանի դահլիճում շատ իմաստուն որոշում է կայացրել դատավորը, ես չեմ կարող չգնահատել նրա որոշումը: Առաջին դատական նիստին Արթուր Մովսիսյանը ոտքի չէր կանգնել այնպես, ինչպես այս բոլոր ամբաստանյալները, առաջին նիստին նախազգուշացում էր կիրառել, հետագայում դատավորը շատ խելոք քայլ էր արել, ինքը մտնում է դատարանի դահլիճ, հետո բերում են ամբաստանյալին: Մենք երբ ասում ենք, որ այս հարցերն ունեն պարզ, պրիմիտիվ լուծումներ, իսկապես այդպես է: Դատավորը միայն պաշտոն չէ, մուրճով խփել չէ, սանկցիա կիրառել չէ, նա պետք է այնքան հասուն, իմաստուն լինի, որ կարողանա օրենքով չարգելված ինչ-որ տարբերակներ գտնել այդ իրավիճակներում լուծում տալու համար: Ես, օրինակ, հիացած եմ իր որոշումով, որովհետև շատ խելացի ու իմաստուն որոշում է կայացրել դատավորը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: