Օլեգ Կուզնեցովի գրքի ծայրահեղականությունը ստուգելու համար նշանակվել է փորձագիտական հետազոտություն. ադրբեջանցիները սպառնում են հայ փաստաբանին
«АРМРОСС» իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեում Օլեգ Կուզնեցովի «Անդրազգային ահաբեկչությունը քսաներորդ դարում» գրքի գործով նախաքննական փուլի գործընթացները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կիրակոսյանը, ով հիմք ընդունելով ՌԴ հայ քաղաքացիների բազմաթիվ դիմումներն ու ղեկավարվելով սեփական քաղաքացիական դիրքորոշմամբ, որպես «АРМРОСС» իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիայի ղեկավար, դիմում է ներկայացրել ՌԴ քննչական կոմիտե, նշեց, որ գրքի ծայրահեղական հատկանիշները ստուգելու համար նշանակվել է փորձագիտական հետազոտություն:
«Ադրբեջանական կողմը բավականին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տվյալ գործով և միշտ տեղեկություններ է ստանում այն մասին,որը պետք է քննության գաղտնիք լինի: Մենք այդ ամենը արձանագրում ենք և եթե չհասանք մեր օրինական պահանջներին, այդ գործողությունների վերաբերյալ նյութեր ենք պատրաստելու: Հուսով եմ, որ այդպիսի առիթ չի լինի, գործընթացը կգնա իր բնականոն հունով և կստանա օրինական հանգուցալուծում»,- ասաց Կիրակոսյանը:
Նրա խոսքով` Օլեգ Կուզնեցովը չի պահում իրեն որպես գիտնական և ադրբեջանական մամուլով իր` Կիրակոսյանի հասցեին վիրավորական արտահայտություններ է անում և գնահատականներ է տալիս ոչ թե տվյալ գործին, այլ անձին:
«АРМРОСС» իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիայի նախագահը նշեց, որ ադրբեջանցիները նաև սպառնացել են իր ընտանիքին: «Նրանք մոտեցել են կնոջս և սպառնացել ու ասել, որ եթե Կիրակոսյանը կանգ չառնի իր համար վատ կվերջանա: Սակայն ես մտադիր չեմ կանգնելու և հանձնվելու, ունեմ իմ քաղաքացական դիրքորոշումը և պահանջները»,- ընդգծեց Կիրակոսյանը:
Փաստաբան Կարեն Մովսիսյանի խոսքով` երբ սկսեցին այս գրքի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարել հայտնաբերվեցին տասնյակ այլ «գիտական» աշխատություններ, որտեղ ավելի ցայտուն կերպով են արտահայտվում ծայրահեղական կոչերը և ատելության դրսևորումները: «Մենք ուսումնասիրել ենք բոլոր ծայրահեղական ելույթները, հարցազրույցները, որոնք եղել են ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ներում:Կան բավականին մեծ հավաքածուներ, ուստի մենք ընդլայնելու ենք մեր գործունեության շրջանակը: Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից սպառնալիքներին, քայլեր ենք ձեռնարկում` պարզելու այդ մարդկանց ինքնությունը և նրանց ղեկավարներին»,- ասաց Մովսիսյանը:
Փաստաբանի համար անհասկանալի է Ադրբեջանի նման վարվելակերպը: «Ուղղակի չեմ հասկանում` ինչ կապ ունի Ադրբեջանը ռուս հեղինակի հետ: Ռուսաստանում կան տասնյակ նման հեղինակներ,ովքեր արդեն դատապարտվել են ազատազրկմամբ իրենց ծայրահեղական գրքերի համար: Թե ինչու են ադրբեջանցիները նման կերպ հետաքրքրվել սույն գործով անհասկանալի է: Սակայն Կուզնեցովը չի էլ թաքցնում, որ Ադրբեջանի հետ շատ մոտ է և նրանց գումարներով է իր աշխատանքը կատարում»,- ասաց Մովսիսյանը: