Բաժիններ՝

Իրանն սպառնում է դուրս գալ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեպքում

Իրանն սպառնում է դուրս գալ միջուկային համաձայնագրից, եթե Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանի Թեհրանի դեմ: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:

«Եթե ԱՄՆ-ը ցանկանա դիմել նույն այն մեթոդներին (պատժամիջոցներին), ապա մենք կարճ ժամանակամիջոցում, ոչ թե շաբաթվա կամ ամսվա ընթացքում, այլ մի քանի օրից կամ ժամից, կվերադառնանք նախկին իրադրությանը (միջուկային գործարքի կնքմանը նախորդած)»,- Ռոուհանիի խոսքը մեջբերում է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Իրանը եւ համաշխարհային տերությունների «վեցյակը» (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Գերմանիան) 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական միջուկային ծրագրի բազմամյա խնդրի կարգավորման շուրջ՝ ընդունելով Համատեղ համապարփակ գործողությունների պլանը, որի իրագործումն սկսելու մասին հայտարարվել է 2016 թվականի հունվարի 16-ին:

Այն նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ այդ երկրի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս