Հարավային Կորեայի նախագահը բացառել է պատերազմն առանց Սեուլի համաձայնության
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը վստահ է, որ Կորեական թերակղզում որեւիցե ռազմակական գործողություն չի կարող տեղի ունենալ առանց Սեուլի համաձայնության, որը ձգտում է ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով:
Այս հայտարարությամբ պետության ղեկավարը օգոստոսի 15-ին հանդես է եկել մայրաքաղաքում 1945 թվականին ճապոնական օկուպացիայից Կորեայի ազատագրման տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը: «Սեուլն ամեն գնով ձգտում է կանխել պատերազմը:
Կորեական թերակղզում ռազմական գործողություններ չեն սկսվի առանց Կորեայի Հանրապետության համաձայնության»,- պետության ղեկավարի խոսը մեջբերել է Yonhap գործակալությունը:
Իր ելույթում Մուն Չժե Ինը պատրաստակամություն է հայտնել հնարավոր ամեն ինչ անել ԿԺԴՀ-ի շուրջ ճգնաժամից խաղաղ ճանապարհով դուրս գալու համար: Նա նշել է, որ ԿԺԴՀ-ի հետ երկխոսության պայմաններ կստեղծվեն, եթե նա դադարեցնի հրթիռային արձակումներն ու միջուկային փորձարկումները:
Հարավային Կորեայի նախագահը նախօրյակին եւս հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային խնդիրն ամեն պարագայում անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով:
«Այլեւս ոչ մի պատերազմ չպետք է լինի Կորեական թերակղզում: Հյուսիսկորեական միջուկային հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, անկախ այն բանից՝ ինչ անկումների ու վերելքների ենք մենք բախվում»,- ասել է նա: Նախագահը նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը պատասխանատու եւ հանգիստ մոտեցում կդրսեւորի իրադրության կարգավորմանը:
Բացի այդ, Մուն Չժե Ինը հորդորել է Փենյանին՝ «դադարեցնել սադրիչ գործողություններն ու սպառնալիքները», որպեսզի չվատթարանա Կորեական թերակղզու իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: