
Բրիտանացիների մեծամասնությունը հավանություն չի տալիս Թերեզա Մեյի գործունեությանը վարչապետի պաշտոնում

Բրիտանացիների մեծամասնությունը հավանություն չի տալիս Թերեզա Մեյի գործունեությանը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում: Այդ մասին վկայում են BMG Research սոցիոլոգիական ծառայության հարցման տվյալները, որոնք օգոստոսի 13-ին հրապարակել է The Independent թերթը:
Այսպես, Մեյի վարչապետությունից դժգոհ է հարցման մասնակիցների 58 տոկոսն այն դեպքում, երբ նրա գործունեությունից իր գոհունակությունն է հայտնել հարցվածների 42 տոկոսը: 28 տոկոսը ցանկանում է, որ բրիտանական կառավարության գործող ղեկավարը իր պարտականությունները շարունակի կատարել ընդհուպ մինչեւ հաջորդ համընդհանուր խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն 2022 թվականին: Դրա հետ մեկտեղ 48 տոկոսը պնդում է, որ նա իր լիազորությունները վայր դնի նախքան այդ ժամկետը:
Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինին պաշտպանում է հարցման մասնակիցների 51 տոկոսը, համապատասխանաբար 49 տոկոսը դժգոհ է նրա քաղաքական գործունեությունից:
Սոցիոլոգիական ուսումնասիրությունն անցկացվել է օգոստոսի 7-11-ն ընկած ժամանակաշրջանում՝ ավելի քան 1,5 հազար մարդու մասնակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: