Բիգ Բենի ժամացույցը մինչև 2021 թվականը չի ղողանջի
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Եղիսաբեթի աշտարակի ժամացույցը, աշտարակ, որը հայտնի է որպես Բիգ Բեն, առաջիկա չորս տարում չի ղողանջի վերականգնողական աշխատանքների կատարման պատճառով: Օգոստոսի 14-ին այս մասին հայտնել են Համայնքների պալատում։
Սկսած օգոստոսի 21-ից 13,7 տոննա քաշով ամենախոշոր զանգը կանջատվի ժամացույցի մեխանիզմից, որպեսզի այդ կերպ ապահովվի աշխատողների անվտանգությունը, որոնք կզբաղվեն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ամենաճանաչելի խորհրդանիշերից մեկի նորոգմամբ: Այս զանգը տեղադրվել է 1859 թվականին եւ ավելի ուշ ժողովրդի մեջ կոչվել Բիգ Բեն: Այս անվամբ շատերը զուգորդում են հենց ժամացույցի աշտարակը:
Աշխատանքների կատարման ընթացքում կդադարեն ղողանջել նաեւ այն չորս զանգերը, որնք հարվածում են յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Սակայն Բիգ Բենի ղողանջը կարելի կլինի լսել, օրինակ՝ Ամանորի տանակատարության ժամանակ:
96 մետր բարձրությամբ՝ Եղիսաբեթի աշտարակի շինարարությունը՝ անգլիացի ճարտարապետ Օգաստես Փյուջինի նախագծով, ավարտվել է 1858 թվականին: Այն վիկտորյան դարաշրջանի հուշարձան է եւ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Մինչեւ 2012 թվականը այն կոչվում էր Վեսթմինսթերի պալատի ժամացույցի աշտարակ: Եղիսաբեթ Բ թագուհու կառավարման 60-ամյակի պատվին այն կոչեցին միապետի անունով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: