«ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության «ԻԼ-76» ինքնաթիռն արդեն Հայաստանի ճանապարհին է: Ինչպես տեղեկացրեց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը, այն ժամը 19:20-ին վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում:
Ռուսաստանից «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան բերելու եւ լիցքավորման համար համապատասխան քանակի ջուր ապահովելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «ԻԼ-76» ինքնաթիռը հագեցած է օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։ Ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է աշխատելու բարդ իրավիճակներում և անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի։
Օգոստոսի 14-ի, ժամը 15.00-ի դրությամբ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 75 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 ծառայող և Անտառտնտեսության 50 աշխատակից: