«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է». Ա․ Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության:
Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Սեւան քաղաքում շարժական գազալցակայանների վերաբերյալ նկարահանման ժամանակ լցակայաններից մեկից դուրս եկած երիտասարդն արագ հետապնդել է իրեն: Վերջինս դադարեցրել է նկարահանումը եւ նստել ավտոմեքենան: Այնուհետև, երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածել է նկարահանող խմբի ավտոմեքենային:
Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։
Անհապաղ վարույթ նախաձեռնելու հարցով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանություն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ