
«Ամեն ինչ կանենք, որպեսզի երկրպագուներին ուրախացնենք հաղթանակներով». Արտյոմ Սիմոնյան

«Արարատի» հետ խաղում «Ալաշկերտի» կազմում նորամուտը նշեց օրեր առաջ թիմի կազմը համալրած 22-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը:
Հայաստանի հավաքականի թեկնածուն փոխարինման մտավ 58-րդ րոպեին, իսկ արդեն 5 րոպե անց խփեց իր առաջին գոլն «Ալաշկերտի» կազմում:
«Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք, իսկ ես կարողացա օգնել թիմիս խփած գոլով: «Ալաշկերտում» ինձ հիանալի եմ զգում: Վստահ եմ, որ խաղից խաղ կավելացնեմ: Աստիճանաբար ադապտացվում եմ այստեղ:
Այո, ես նախապատրաստական փուլ եմ անցել «Ցյուրիխի» կազմում, ջանասիրաբար մարզվել եմ, սակայն ինձ որոշ ժամանակ է պետք «Ալաշկերտում» հարմարվելու համար: Ինձ այստեղ շատ լավ են ընդունել: Օգնում են բոլորը. ղեկավարները, մարզիչները, խաղընկերները և աշխատակազմը: Ամեն ինչ կանենք, որպեսզի երկրպագուներին ուրախացնենք հաղթանակներով»,- նշեց Սիմոնյանը:
Սիրարփի Աղաբաբյան