
Թուրքիայում պահպանված միակ հայկական գյուղում նշվել է Աստվածամոր վերափոխման օրը

Թուրքիայում պահպանված միակ հայկական գյուղի` Վագըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցում օգոստոսի 13-ին նշվել է Աստվածամոր վերափոխման տոնն ու խաղողօրհնեքը:
Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Վագըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է նաև Մուսա լեռան հերոսամարտի օրը, և տեղի է ունեցել հյուրասիրություն, որի ժամանակ հյուրերին մատուցվել է ավանդական հարիսան:
Աղոթքից հետո տոնակատարության մասնակիցները համտեսել են օրհնված խաղողն ու յոթ կաթսայում եռացող հարիսան:
Տոնակատարությանը մասնակցել է նաև Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանը:
Թուրքիայի միակ հայկական Վագըֆ գյուղը գտնվում է Հաթայի (Անտիոք) նահանգում, Մուսա լեռան ստորոտում` թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա:
Վագըֆում, որի բոլոր բնակիչները ծագումով հայեր են, գյուղացիները պահպանում են իրենց ազգային եւ կրոնական բոլոր ավանդույթները: Գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հիմնանորոգվել է 1997 թվականին: Եկեղեցում հաճախ պատարագ է մատուցվում: Ամեն տարի Վագըֆ գյուղում նշվում են Սուրբ ծննդյան եւ Սուրբ հարության տոները: