
«ՄԱՇ»-ը պահանջում է սկանդալային ձայնագրությունն ուղարկել միջազգային փորձաքննական բյուրո

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պահանջում է, որ իշխանությունները Страна.ua առցանց պարբերականի կողմից համացանցում տարածած ձայնագրությունն ուղարկեն միջազգային փորձաքննական բյուրո, հակառակ դեպքում իրենք դա կանեն:
Այս մասին ասել է կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան.
«Տարածվել է Իվանիշվիլիի նախարարներից մեկի հեռախոսազրույցը, որը հաստատում է` երկրում չկա արդարադատություն և ժողովրդավարական քաղաքական համակարգ։ Այդ երկխոսությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ երկրի երրորդ նախագահը հետապնդվում է միայն քաղաքական մոտիվներով: Քանի որ ներքին գործերի նախարարությունը հերքում է նշված ձայնագրության նույնականությունը, մենք պահանջում ենք, որ այն ուղարկվի փորձաքննության: Եթե չարվի, ոչ ոք արդեն չի կասկածի ձայնագրության նույնականության մեջ։ Եթե չարվի, Միացյալ ազգային շարժումն ինքը կուղարկի»,- ասել է Մելիան:
Страна.ua ուկրաինական առցանց պարբերականը ձայնագրություն է տարածել, որում ռուս հայտնի հեռախոսային խուլիգան (pranker) Լեկսուսի խոսակցությունն է Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի հետ: Լեկսուսը ներկայանում է որպես Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակով: Խոսակցությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման թեմայով է: Ձայնագրության մեջ, հավանաբար, Մղեբրիշվիլին ցենզուրայից դուրս արտահայտություններ է թույլ տալիս Սահակաշվիլիի հասցեին, և խնդրում է ուկրաինական կողմին՝ չհանձնել նրան Վրաստանին՝ ընդ որում ասելով, որ դա համաձայնեցված է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Վրաստանի ՆԳՆ-ն իր հերթին հերքել է տեղեկությունը և հայտնել, որ նման խոսակցություն չի եղել: Նախարարությունը հերքել է նաև որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե նախարար Մղեբրիշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա բուժում է ստանում: Մամուլի ծառայությունը հայտնել է, որ իրականում նման բան չկա, նախարարն իրեն լավ է զգում և գտնվում է աշխատանքային ռեժիմում: