
Թուրքիայում կրկին հարձակում է տեղի ունեցել PKK-ի կողմից. կան զոհեր

Թուրքիայում կրկին Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները պայթյուն են իրականացրել:
Այս մասին հայտնում է «Հաբերթուրք»-ը:
Հաքքարիի նահանգի Շեմդինլի քաղաքում իրականացված պայթյունի հետևանքով Թուրքիայի 2 քաղաքացի են զոհվել:
Թուրքական հետախուզությունը ներկայումս որոնում է PKK 12 ներկայացուցիչների, ովքեր շրջում են ոստիկանական համազգեստով:
Նախնական տեղեկությունների համաձայն` PKK-ն նախապատրաստում է պայթյուններ Թուրքիայի տարբեր խոշոր նահանգներում և քաղաքներում:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980-ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: