Անկարայում Թուրքիայի քրդամետ կուսակցության անդամների ձերբակալություններ են տեղի ունեցել
Անկարայում օգոստոսի 14-ին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ներկայացուցիչների դեմ ուղղված միաժամանակյա հետախուզական գործողություններ են իրականացվել:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել և Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել 11 HDP-ական:
HDP անդամ 59 պատգամավորից 12-ը կալանավորված են: Նրանց շարքում են նաև կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները:
Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ:
Թուրքական իշխանությունները շարունակում են հետապնդել և ձերբակալել ընդդիմադիր քրդամետ կուսակցության անդամներին՝ ցանկանալով թուլացնել նրանց գործունեությունը և՛ մեջլիսում, և՛, առհասարակ, երկրում: