
Տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել Չինաստանի՝ հորդառատ անձրևներից տուժած շրջաններից

Չինաստանի Հունան կենտրոնական նահանգում տեղացած հորդառատ անձրեւները տեղի իշխանություններին հարկադրել են տարհանել ավելի քան 48 հազար մարդու: Այդ մասին ասված է ջրհեղեղների եւ երաշտների դեմ պայքարի նահանգային կենտրոնի՝ օգոստոսի 14-ին հրապարակված հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ վերջին երեք օրվա ընթացքում տեղատարափ անձրեւներից Հունանի նահանգում այս կամ այն չափով տուժել է շուրջ 530 հազար մարդ, երեք բնակիչներ զոհվել են, եւս մեկն անհայտ կորած է համարվում:
Առանձին շրջաններում վերջին օրերին ավելի քան 200 միլիմետր տեղումներ են գրանցվել: Տարերքի հարվածով նահանգի 16 գավառներում ու քաղաքներում ավերվել է գրեթե հազար բնակելի շինություն, տուժել են ավելի քան 27 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ: Ընդհանուր ուղղակի տնտեսական վնասը ներկայում գնահատվում է 1,4 մլրդ յուան (212 մլն դոլար):
Հորդառատ անձրեւները, ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, Հունանի նահանգի մի քանի շրջաններում կշարունակվեն մինչեւ օգոստոսի 15-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: