Վրաստանի վարչապետը «հսկայական սխալ» է համարել 1992-1993 թվականների պատերազմը Աբխազիայում
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ասել է, թե օգոստոսի 14-ը՝ 1992 թվականին Աբխազիայում պատերազմի սկսվելու օրը, ընդմիշտ ամենաողբերգական էջը կմնա հանրապետության նորագույն պատմության մեջ։
«Սկսված դիմակայությունը ծանրագույն հետեւանքներ ունեցավ ինչպես աբխազների, այնպես էլ վրացիների համար: Ես մեծապես հուսով եմ, որ մենք կկարողանանք շտկել այդ հսկայական սխալը, եւ շուտով կգա ժամանակը, երբ մենք կկարողանանք վերադարձնել մեր եղբայր աբխազների սրտերը, որոնց հետ կշարունակենք երկար դարերի կյանքը»,- ասված է Աբխազիայում հակամարտության տարելիցի կապակցությամբ Վրաստանի վարչապետի՝ օգոստոսի 14-ին տարածված հայտարարության մեջ:
Իր հերթին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր հայտարարության մեջ նույնպես հույս է հայտնել, որ վրացիները աբխազների ու օսերի հետ կկարողանան կառուցել «համատեղ ժողովրդավարկան ու խաղաղ պետություն»:
Աբխազիայում պատերազմի ընթացքում երկուստեք զոհվել է մինչեւ 20 հազար մարդ, ավելի քան 300 հազար վրացիներ փախստական են դարձել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: