
ԿԺԴՀ-ի հետ միջուկային պատերազմի ուղղակի սպառնալիք առայժմ չկա. ԿՀՎ-ի ղեկավար

Հյուսիսային Կորեայի հետ միջուկային պատերազմի անմիջական սպառնալիք չկա, չնայած լարվածության աճին, հայտարարել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Պոմպեոն, տեղեկացնում է BBC-ին:
Պոմպեոն, սակայն, ընդունել է, որ Փենյանի զինագործական ծրագիրը զարգանում է այնպիսի տեմպերով, որոնք «ավելի ու ավելի մեծ տագնապ» են հարուցում, եւ նշել է, որ հյուսիսկորեական հրթիռների նոր փորձարկումները չպետք է ոչ մեկին զարմացնեն: Fox Nrws-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ «ռազմավարական համբերությունը», որը Վաշինգտոնը ցուցաբերում էր Փենյանի հրթիռային եւ միջուկային ջանքերի նկատմամբ, սպառվել է:
Այն հարցին, թե որքան է Հյուսիսային Կորեան մոտ միջուկային զենքի ստեղծմանը, որը կկարողանա հասնել ԱՄՆ-ի տարածք, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը պատասխանել է. «Այժմ նրանք ավելի մոտ են»:
«Ես լսել եմ նրանց, ովքեր դատողություններ են անում այն մասին, թե մենք կանգնած ենք միջուկային պատերազմի շեմին: Ես ինքս չեմ տեսել հետախուզական տվյալներ, որոնք նշեին, թե մենք այսօր գտնվում ենք այդ վիճակում»,- նշել է Պոմպեոն: