Բաժիններ՝

10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել դերասանուհի Մարիամ Դավթյանը

Եթե ամռան տապին զբոսնելն իսկական փորձություն է, ապա մեկ գավաթ սառն ըմպելիքի ընկերակցությամբ լավ ֆիլմի դիտումը օրվա լավագույն հատվածը կարող է դառնալ: Երբ ավարտեք զովացուցիչ ըմպելիքի ընտրությունը, առաջարկում ենք ծանոթանալ 168.am-ի նախաձեռնած սիրելի ֆիլմերով կիսվելու գործընթացին այս շաբաթ միացած դերասանուհի Մարիամ Դավթյանի հետաքրքիր, ինտելեկտուալ և զգացմունքային տասնյակին:

«Կաբիրիայի գիշերները» (Le notti di Cabiria) 

Իտալացի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի դրամատիկ ֆիլմը պատմում է մարմնավաճառուհի Կաբիրիայի (Ջուլիետա Մազինա) մասին, ով աշխատում է Հռոմի ամենաէժանագին տարածքներից մեկում: Չնայած իր հնագույն և ցինիկ մասնագիտությանը, Կաբիրիան երեխայական միամտություն ունի և չափազանց բարի է, և առանց հանձնվելու՝ փնտրում է իր երազանքների տղամարդուն՝ հույս ունենալով դառնալ ազնիվ կին:

Նրա սիրտը սիրո կարիք ունի, բայց աշխարհը դաժան է…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Մեծ քաղաքի լույսերը» (City Lights) 

«Մեծ քաղաքի լույսերը» համր լիամետրաժ ֆիլմը Չառլի Չապլինի ամենահայտնի ֆիլմերից մեկն է: Թափառաշրջիկը (Չառլի Չապլին) հանդիպում է գեղեցիկ կույր աղջկա (Վիրջինիա Չերիլլ), ով ծաղիկներ է վաճառում: Վերջինս պատահականորեն, թափառաշրջիկին մեծահարուստի տեղ է դնում, իսկ նա էլ սիրահարվում աղջկան։ Իմանալով, որ վիրահատությունը կարող է վերականգնել աղջկա տեսողությունը՝ թափառաշրջիկը սկսում է գումար որոնել:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Նոր Կինոթատրոն «Պարադիզո»» (Nuovo Cinema Paradiso) 

Իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ջուզեպե Տորնատորեի «Նոր Կինոթատրոն «Պարադիզո»» ֆիլմը պատմում է այն երջանիկ օրերի մասին, երբ իտալական կինոն դեռ չգիտեր, թե ինչ է «իտալական կինեմատոգրաֆի ճգնաժամը»: Երեք մասի բաժանված պատմության կենտրոնում սիցիլիացի փոքրիկ տղան է՝ Սալվատորեն (Սալվատորե Կաշո, Մարկո Լեոնարդի, Ժակ Պերեն):

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Թռիչք կկվի բնի վրայով» (One Flew Over the Cuckoo՚s Nest) 

1975 թվականին ռեժիսոր Միլոշ Ֆորմանի կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմը Ռենդլ ՄակՄյորֆիի (Ջեք Նիկոլսոն) մասին է, ով բանտից տեղափոխվում է հոգեբուժարան, որտեղ տիրում են հոգեբուժարանի գլխավոր բժշկուհու՝ Ռետչեդի (Լուիզա Ֆլեթչեր) սահմանած կանոնները:

ՄակՄյորֆիին զարմացնում է, որ մյուս հիվանդները համակերպվել են ստեղծված իրավիճակի հետ, իսկ ոմանք նույնիսկ ինքնակամ են եկել հոգեբուժարան: Եվ նա որոշում է ապստամբել: Միայնակ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Սեր» (Amour) 

Ավստրիացի կինոռեժիսոր և սցենարիստ Միխայել Հանեկեի դրաման պատմում է ծեր ամուսինների մասին: Ժորժը (Ժան-Լուի Տրենտինյան) և Աննան (Էմմանուել Ռիվա) ամբողջ կյանքը միասին են անցկացրել և հոգ են տարել միմյանց մասին: Այժմ նրանք ութսունն անց են: Աննան հիվանդանում է, և նրա կյանքն աստիճանաբար սկսում է մարել: Ժորժը փորձում է խնամակալներ վարձել, բայց հասկանում է, որ նրանցից չի կարող հոգևոր ջերմություն և զգացմունքների անկեղծություն պահանջել: Թողնելով ուսուցանումը Կոնսերվատորիայում՝ նա ամբողջությամբ նվիրվում է կնոջ խնամքին: Ժորժը չի կարող կնոջը պատկերացնել ծերանոցում, ինչի մասին անընդհատ պնդում է ծնողներին ժամանակ առ ժամանակ այցելող դուստրը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Վերադարձ» (Volver) 

Իսպանացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Պեդրո Ալմոդովարի ֆիլմը պատմում է ժամանակակից Մադրիդի մասին: Ռայմունդան (Պենելոպե Քրուզ)՝ գրավիչ, երիտասարդ իսպանուհին, ապրում է գործազուրկ ամուսնու և գեղեցկուհի դստեր հետ: Ընտանիքը ծանր ֆինանսական վիճակում է, այդ պատճառով նա ստիպված է աշխատել մի քանի աշխատատեղերում: Ռայմունդան ուժեղ, պայքարող մարդ է, մարտիկ, բայց ինչպես ցանկացած կին՝ նա չափազանց խոցելի է: Մանկուց նա մի գաղտնիք ունի…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Մի հեռացիր» (Non ti Muovere) 

Իտալացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Սերջիո Կաստելլիտտոյի դրաման Մարգարետ Մաձանտինի համանուն ստեղծագործության էկրանավորումն է:

Դա խելագարություն էր. հաջողակ բժշկի և ընտանեկան մարդու՝ Տիմոտեոյի (Սերջիո Կաստելիո) և աղքատ ներգաղթյալ Իտալիայի (Պենելոպե Քրուզ) միջև հանկարծակի կիրք է բռնկվում: Նա դժվարին ընտրության առջև է կանգնում, և դաժան մտորումներից հետո պարտքի զգացումը հաղթում է սիրուն: Բայց սերը չի ներում դավաճանությունը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Խավարում պարողը» (Dancer in the Dark) 

Դանիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Լարս ֆոն Թրիերի երաժշտական ֆիլմ-դրաման ռեժիսորի «Ոսկե սիրտ» տրիլոգիայի երրորդ ֆիլմն է («Ճեղքելով ալիքները» – «Ապուշները» – «Խավարում պարողը»)։

Գործողությունները կատարվում են ԱՄՆ-ում (Վաշինգտոն նահանգ) 1964 թվականին։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին Չեխոսլավիայից ներգաղթած Սելման (Բյորկ) է, ով շատ է սիրում մյուզիքլներ։ Նա աշխատում է գործարանում և որդու հետ ապրում է թրեյլերում, որը վարձակալել է քաղաքային ոստիկանից։ Կյանքի դժվարություններից փրկությունը նա գտնում է իր երաժշտական երևակայություններում։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Վերադարձ» (Возвращение) 

«Վերադարձ» գեղարվեստական ֆիլմը ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի առաջին ռեժիսորական աշխատանքն է:

Երկու եղբայրների կյանքում պատահաբար հայտնվում է հայր (Կոնստանտին Լավրոնենկո), ով ծանոթ է նրանց միայն լուսանկարից: Տարօրինակ, իրենց համար խորթ մարդու հայտնվելը փոխում է տղաների կյանքը. հայրը որդիներին հեռացնում է իրենց հարազատ հանգիստ քաղաքից և բերում է ամայի կղզի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Կտոր մը երկինք» 

Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա 1980 թվականին ռեժիսոր Հենրիկ Մալյանի կողմից նկարահանված ֆիլմը պատմում է Խարբերդում մեծացող որբ Թորիկի (Աշոտ Ադամյան) մասին։

Մորաքրոջ (Սոֆիկո Ճիաուրելի) և նրա արհեստավոր ամուսնու (Մհեր Մկրտչյան) խնամքի տակ է մեծանում երկչոտ տղան՝ Թորիկը։ Ամեն ինչ խաղաղ ընթացքով կարող էր գնալ, բայց Թորիկը մեծանում և ամուսնանում է հասարակաց տան աղջկա հետ։ Քաղաքը չի կարող ներել նրան, սակայն երիտասարդը հանուն իր երջանկության՝ վճռականություն և համարձակություն է ցուցաբերում։

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս