Չորս մարդ է տուժել Լոնդոնի մետրոյում գնացքի ծխոտման հետևանքով
Չորս մարդ է տուժել Լոնդոնի մետրոյում գնացքի ծխոտման հետեւանքով, նրանցից երկուսը հոսպիտալացվել են: Այդ մասին հայտնել է բրիտանական մայրաքաղաքի շտապօգնության պաշտոնական ներկայացուցիչը:
«Պատահարի վայրում մենք օգնություն ենք ցուցաբերել չորս տուժածների, որոնք թունավորվել էին շմոլ գազից, եւ երկուսին, որպես նախազգուշական միջոցառում, ուղարկել հիվանդանոց»,-տեղեկացրել էծառայության աշխատակիցը, որի խոսքը մեջբերել էPress Association գործակալությունը:
Հոսպիտալացված ուղեւորների կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները պատահարի վայր են ժամանել հինգ րոպեից էլ պակաս ժամանակում այն բանից հետո, երբ գնացքի ծխոտման ազդանշան էր ստացվել տեղական ժամանակով ժամը 08:53-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:53-ին):
Լոնդոնի մետրոպոլիտենի գնացքում, որն ընթանում էր Bakerloo ուղեգծով, կրակ է բռնկել, իսկ դրա վագոններում ծխոտում է տեղի ունեցել: Ականատեսները վկայում են, որ ծուխն սկսել է գնացքի ներսում տարածվել, երբ այն անցնում էր թունելով, նախքան Oxford Circus կայարան հասնելը, որտեղից այնուհետեւ տարհանել են բոլոր ուղեւորներին:
Լոնդոնի հրշեջ բրիգադի պաշտոնական ներկայացուցիչը գնացքում ծագած հրդեհը որակել է աննշան, հայտնելով, որ կատարվում է բռնկման պատճառների հետաքննություն: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանությունը հայտարարել է, որ ներկա պահին միջադեպը չի դիտարկվում որպես կասկածելի: Այդ պատահարից հետո Bakerloo ուղեգծով գնացքների երթեւեկությունը դադարեցված է, իսկ Oxford Circus կայարանը՝ փակված, հաղորդել է ՏԱՍՍ-ը: