
Լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 82 միավոր գյուղտեխնիկա

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ս.թ. օգոստոսի 11-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 46 միավոր տրակտոր և 36 միավոր այլ գյուղտեխնիկա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ», «ՔԱՐԴԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ները և «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլացան, կարտոֆիլահավաք մեքենաներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա:
Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից: