«Հավկիթների ճգնաժամն» ընդգրկել է Եվրամիության առնվազն տասը երկիր
Պարզվել է, որ այսպես կոչված «հավկիթների ճգնաժամն» ընդգրկել է Եվրամիության 28 անդամ երկրներից տասը, որը Եվրոպայում բռնկել է առեւտրական ցանցերում ֆիպրոնիլ ինսեկտիցիդով վարակված հավկիթների հայտնվելու պատճառով։
Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ միլիոնավոր հավկիթներ, որոնք ստացվել են Բելգիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի եւ Եվրամիության այլ երկրների խանութների վաճառասեղաններին, կարող են վարակված լինել ֆիպրոնիլով:
Այդ ինսեկտիցիդն օգտագործվում է ոջիլներից ածան հավերի բուժման համար: Եվրոպական նորմերի համաձայն, ֆիպրոնիլի օգտագործումը թռչնաբուծական այն տնտեսություններում, որոնց արտադրանքը նախատեսված է սպառողական շուկայի համար, արգելված է:
«Վաճառքից հավկիթները հանելու մասին տեղեկացրել են Բելգիան, Նիդեռլանդները, Գերմանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Սլովենիան եւ Ռումինիան, ինչպես նաեւ Շվեյցարիան»,- օգոստոսի 11-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Եվրահանձնաժողովի մի աղբյուր:
Սննդի անվտանգության հարցերով եվրակոմիսար Վիտենիս Անդրիուկաիտիսը հայտարարել է «հավկիթների ճգնաժամի» կապակցությամբ մինչեւ սեպտեմբերի վերջը ԵՄ-ի երկրների պրոֆիլային նախարարների եւ ազգային վերահսկիչ մարմինների ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու մտադրության մասին այն բանից հետո, երբ կպարզվեն դրա պատճառները եւ մեղավոր ֆիզիկական ու իրավական անձինք:
Օգոստոսի 9-ին Բելգիայի առողջապահության նախարար Դենի Դյուկարմը հայտարարել է, որ ֆիպրոնիլով հավկիթների վարակվելու մասին հոլանդական իշխանություններին հայտնի է եղել դեռ 2016 թվականի նոյեմբերին, սակայն նրանք այդ մասին չեն տեղեկացրել ԵՄ-ի գործընկերներին: Ամստերդամը կտրականապես մերժել է իր հասցեին ուղղված մեղադրանքները: Նիդեռլանդները հավկիթների առաջատար արտահանողնէ Եվրամիությունում եւ աշխարհում երկրորդը ԱՄՆ-ից հետո:
Սկանդալի հետաքննությանը միացել են Բելգիայի եւ Նիդեռլանդների դատախազությունները: Օգոստոսի 10-ին Նիդեռլանդների իշխանությունները ձերբակալել են երկու մարդու, որոնք կասկածվում են գործին մասնակցելու մեջ, իսկ Բելգիայի ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել 12 ձեռնարկություններում, որոնք մասնագիտանում են վարակազերծման ծառայությունների բնագավառում եւ ֆիպրոնիլ ինսեկտիցիդ են կիրառում: