Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան Մադուրոյին հաստատել է որպես երկրի նախագահ
Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան (ՍԱ) Նիկոլաս Մադուրոյին հաստատել է որպես հարավամերիկյան այդ երկրի նախագահ: Այս որոշումն օգոստոսի 10-ին միաձայն ընդունել է այդ մարմինը նրա պատվիրակների առջեւ Վենեսուելայի առաջնորդի ելույթից հետո: Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը:
Ասամբլեան Մադուրոյին հաստատում է «որպես Վենեսուելայի Բոլիվարական հանրապետության սահմանադրական նախագահ, պետության ու կառավարության ղեկավար, ինչպես նաեւ ազգային բոլիվարական զինված ուժերի գլխավոր հրամանատար», ասված է փաստաթղթում, որն ընդունվել է ՍԱ-ի հատուկ նիստում: Դրանում ընդգծվում է, որ Վենեսուելայի ղեկավարը «լիովին կատարել է իր պարտքն ու սահմանադրական պարտավորությունները»:
Իր ելույթում Մադուրոն նշել է, որ Վենեսուելան պատրաստ է վերականգնել նորմալ հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, եթե դրանք հիմնված լինեն երկխոսության եւ փոխադարձ հարգանքի վրա: «Ես հավատում եմ դիվանագիտությանը եւ այս մեծ ՍԱ-ի ամբիոնից նախագահ Դոնալդ Թրամփին հավաստում եմ իմ ցանկությունը՝ վերականգնելու քաղաքական հարաբերությունները՝ հիմնված երկխոսության, հարգանքի եւ հավասարության սկզբունքների վրա»,- ասել է նա: Մադուրոն նաեւ հանրապետության արտաքին գործերի նախարար Խորխե Արեասային ցուցում է տվել «սկսել քայլեր ձեռնարկել» Թրամփի հետ հանդիպման կամ հեռախոսազրույցի կազմակերպման համար:
Ավելի վաղ Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան, որն աշխատանքն սկսել է անցած շաբաթվա վերջին, հայտարարել է, որ երկրում իշխանության ոչ մի ճյուղ չի կարող խոչընդոտել իր կողմից ընդունված որոշումներին:
Հուլիսի 30-ին կայացած ընտրությունների արդյունքներով Սահմանադրական ասամբլեայի ստեղծումը հավանության չի արժանացել միջազգային հանրակցության կողմից: Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչում քվեարկության արդյունքները: ԱՄՆ-ը ՍԱ-ի ընտրությունները որակել է «հարված ժողովրդավարությանն ամբողջ կիսագնդում» եւ պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: