
Եմենում գրեթե կես միլիոն մարդ է վարակվել խոլերայով. ՄԱԿ

Եմենում խոլերայի համաճարակը տարածվել է երկրի գրեթե բոլոր նահանգներում, հիվանդությամբ վարակվել է ավելի քան 480 հազար մարդ: Օգոստոսի 10-ին այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը հայտնել է, որ Եմենում խոլերայի բռնկումը տարածվել է երկրի բոլոր 22 նահանգներում, բացի մեկից: Գրանցված է խոլերայով հիվանդանալու կասկածով ավելի քան 480 հազար դեպք եւ գրեթե 2 հազար մահ խոլերայից, ինչպես նաեւ փորլուծի հետ կապված այլ հիվանդություններից»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթում համաճարակի տեմպերը նվազել են, սակայն երկյուղներ կան, որ դրանք կրկին կաճեն այն բանից հետո, երբ Եմենում սկսվի անձրեւների սեզոնը: Ինչպես հիշեցրել է Դյուժարիկը, երկրում առողջապահության ոլորտի աշխատողները գրեթե մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստանում, բացի դրանից, շուրջ 8,8 միլիոն մարդ ապրում է այն շրջաններում, որտեղ հիվանդանոցների եւ բժշկական կետերի պակաս է զգացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: