Բաժիններ՝

Հետախուզում է հայտարարվել բանկի աշխատակցի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են բանկի աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, բանկի աշխատակցուհին ներգրավվել է որպես մեղադրյալ։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից 2017 թվականի հունիսին գրություն է ստացվել, որ ՓԲԸ-ի «Եղեգնաձոր» մասնաճյուղի թվով 2 բանկոմատների ստուգման արդյունքում հայտնաբերվել է գումարի պակասորդ՝ ավելի քան 4 տասնյակ միլիոն դրամի չափով։

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բանկոմատների լիցքավորումը և լիցքաթափումը հիմնականում իրականացվել է ՓԲԸ-ի «Եղեգնաձոր» մասնաճյուղի գործառնական բաժնի պետ Ն.Հարությունյանի կողմից՝ միանձնյա:

Վերջինս, զբաղեցնելով բաժնի պետի պաշտոնը, մասնաճյուղի կառավարչի կարգադրությունների համաձայն, տիրապետել է մասնաճյուղի բանկոմատների թվային կողպեքի կոդերին և իրականացրել բանկոմատների դրամապանակների լիցքավորման և լիցքաթափման գործառույթներ, նյութական պատասխանատվություն կրել բանկոմատի  դրամապանակների լիցքավորված և լիցքաթափված թղթադրամների համար։ Նախնական քննության տվյալներով՝ տարբեր բանկոմատների լիցքավորման և լիցքաթափման գործընթացի ժամանակ մաս-մաս յուրացվել է ընդհանուր 42.316.000 ՀՀ դրամ գումար՝ ՓԲ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը հուլիսի 31-ին որոշում է կայացրել՝ Ն.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս