Լեզվաբանի կարծիքով՝ լեզվի պետական տեսչության փակման հարցը դեռ համակողմանի քննարկման կարիք ունի
Լեզվի պետական տեսչության լուծարման հարցը դեռ համակողմանի քննարկման կարիք ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը լեզվաբան Լավրենտի Միրզոյանը մտավախություն հայտնեց, թե տեսչության լուծարման դեպքում ով պետք է վերահսկի լրատվության դաշտի լեզվական աղավաղումները:
«Կարծում եմ՝ տեսչության լուծարման հարցը դեռ վերջնական չէ: Այս հարցը դեռ քննարկման փուլում է: Լեզվի պետական տեսչության լուծարման դեպքում լեզվական սխալները լրատվամիջոցներում ավելանալու են»,-ասաց Լավրենտի Միրզոյանը:
Միրզոյանը նշում է, որ ինչ-որ առումով համաձայն է կառավարության այն որոշմանը, որ 2019 թվականից տեսչություններին արգելվելու է ստուգումներ և ուսումանսիրություններ կատարել տնտեսվարող մարմիններում: «18 ստուգող մարմինների ստուգումների արդյունքում դժգոհություններ, բնական է, որ լինելու են: Եթե հաշվի է առնվում այն, որ տեսչական գործառույթները խոչընդոտում են միջին գործարարությանը, ապա պետք է տեսչության այդ գործառույթը պարզապես տալ նոր ձևավորվող մարմնի»,-ասաց լեզվաբանը:
Միրզոյանի խոսքով`լեզվական քաղաքականություն պետք է իրականացնի լեզվի պետական տեսչությունը: Այժմ շատ գրքեր հրատարակվում են ուղղագրական, կետադրական, քերականական բազմաթիվ սխալներով: Եվ խնդրի լուծման հարցում տեսչության առկայությունը շատ կարևոր է: